Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) նոյեմբերի 21-ին որակի ներքին ապահովման համակարգի առցանց մշտադիտարկում իրականացրեց Վանաձորի Մ․ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում։
Առցանց մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի և փոխտնօրենի, ամբիոնների վարիչների, դասախոսների, որակի ապահովման պատասխանատուի, ուսանողների հետ:
Մշտադիտարկման ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերի որակի ապահովման, ուսանողների և դասախոսների կարիքների վերհանման և արձագանքման մեթոդաբանությունը և գործընթացները։ Մասնագիտական կրթության արդյունավետ կազմակերպման գործընթացում կարևորվել են որակի ներքին ապահովման գործուն մեխանիզմները, ռեսուրսների պլանավորումը և տվյալահենք որոշումների կայացումը։
Անդրադարձ է կատարվել նաև․
- որակի ապահովման գործընթացների տարեկան պլանավորմանը և որակի մշակույթի ձևավորմանը,
- դասախոսական կազմի համալրման քաղաքականությանը և երիտասարդ դասախոսների ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին,
- հանրակրթական առարկաների ժամանակային բաշխման և դասավանդման արդյունավետությանը,
- շենքային և նյութական ռեսուրսների պակասի խնդրին, այլընտրանքային ֆինանսական աղբյուրներ գտնելու և ներդրումներ ներգրավելու հնարավորություններին,
- պրակտիկաների ծավալներին և արդյունավետությանը,
- ուսանողների գնահատման կիրառվող մեթոդաբանությանը, ձևավորող գնահատման կարևորությանը։
Կարևորվեց արվեստի ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ քոլեջում մաստեր կլասների պարբերական կազմակերպումը որպես արտաքին համագործակցության և ոլորտի մասնագիտական նորությունները, աշխատաշուկայի կարիքները ուսանողներին ներկայացնելու միջոց։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները մատնանշեցին ՄՈՒՀ-ի դրական փորձը և բարելավման ուղղությունները: