2010-ի հունվարի վերջին տեղի ունեցավ նաև ՈԱԱԿ կենտրոնի տնօրեն Ռ. Թոփչյանի այցն Իսպանիա՝ Որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալություն, որը նույնպես փորձի ուսումնասիրության նպատակ ուներ։
Որակի ապահոման գործընթացներում իսպանացիների փորձառությունն ուշագրավ է, քանի որ գործընթացի մեկնարկային փուլում, բացի բժշկության և ճարտարագիտության մասնագիտություններից, մյուսների դեպքում հրաժարվել են միասնական չափորոշիչներից և ամեն բուհի հավատարմագրման համար հիմք են ընդունել նրա իսկ կողմից սահմանված չափորոշիչները։ Իհարկե, բուհերն իրենց հերթին սեփական չափորոշիչները մշակելիս որպես ուղենիշային ձևաչափ վերցրել են միջազգային չափորոշիչները ու աշխարհում ընդունված լավագույն փորձը։ Արդյունքում, ամեն բուհ մշակել է կրթական ծրագրերը և հիմնավորել դրանց արդիականությունն ու իրականացման որակը։ Այսպիսով, այս դեպքում էլ Իսպանիայում ևս հետամուտ են եղել որակի ապահովման գլխավոր սկզբունքին, որն է՝ որակի համար պատասխանատուն բուհերն են։
Սրանից բացի՝ այս երկրում ազգային գործակալությունը սկսել է իրականացնել նաև դասախոսների հավատարմագրում՝ չափանիշների բաշխման հետևյալ սխեմայով. հետազոտություն կատարելու-գիտության բաղադրիչ՝ 60%, դասավանդման բաղադրիչ՝ 30% և կառավարման բաղադրիչ՝ 10%։
Խնդիրների լուծման այս բանաձևերը ՈԱԱԿ-ն ուսումնասիրում է՝ հաշվի առնելով Հայաստանի ու Իսպանիայի համադրելի իրողությունները։ Ընդհանրապես, Բոլոնիայի անդամ երկրներն այս գործընթացում խնդիր ունեն մի կողմից՝ միջազգային լավագույն փորձի տեղայնացման միջոցով բարելավել մասնագիտական կրթական համակարգի արդյունքները, մյուս կողմից՝ ապահովել նաև դրանց միջազգային ճանաչումը։