«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 15-17–ը Աղվերանում կազմակերպել է «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով առաջին ֆորումը: Համաժողովի նպատակն է ներկայացնել եւ քննարկել մեր երկրում որակի ապահովման գործընթացները, առաջիկա խնդիրները և լուծման ուղիները: Ֆորումի պաշտոնական բացմանարարողությունը կայացավ այսօր: Ներկա էին 90 մասնակիցներ` ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, տեղացի եւ միջազգային փորձագետներ, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ եւ այլն: Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը բացման խոսքում կարեւորեց բոլոր շահագրգիռ կառույցների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացում: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որն իր խոսքում ողջունեց ֆորումի կազմակերպումը եւ կարեւորեց այս թեմայով քննարկումների ծավալումը` նշելով, որ ակնկալում է ազնիվ, շահագրգիռ եւ բաց քննարկում որակի ներքին ապահովման խնդիրների վերաբերյալ, ինչն իր ազդեցությունը կունենա կրթության գերակա խնդիրները արդյունավետ կազմակերպելու գործում: Ֆորումին ելույթ ունեցավ նաեւ Ֆրանսիայից ժամանած միջազգային փորձագետ Բրունո Կորվալեն, որը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Որակի ապահովման ազգային կենտրոնին` կրթության որակի ապահովման մեխանիզմները զարգացնելու հարցում: Հիշեցնենք, որ եռօրյա ֆորումի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու տեղի եւ միջազգային հեղինակավոր փորձագետների ելույթներին, մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների «ՈԱԱԿ մոտեցումները», «Որակի ներքին ապահովման համակարգ», «Ինքնավերլուծության մեթոդաբանություն եւ գործիքներ» թեմաներով, ինչպես նաեւ քննարկումների` ՀՀ-ում կրթության որակի ներքին ապահովման արդյունավետ մեխանիզմների եւ մոտեցումների վերաբերյալ: Ֆորումի վերջին օրը նախատեսվում է նաեւ միջազգային կրթական նախագծերի եւ հայաստանյան մի շարք բուհերի որակի ներքին ապահովման փորձի ներկայացում եւ ուսումնասիրություն: