Հունիսի 5–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները մշտադիտարկում իրականացրին Վարդենիսի բժշկահումանիտար քոլեջում։ Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի, փոխտնօրենի, ամբիոնի վարիչի, դասախոսների և ուսանողների հետ։
Մշտադիտարկման առանցքում էին հավատարմագրումից հետո քոլեջում կատարված փոփոխությունները, դեռևս առկա մարտահրավերները, որակի ապահովման մշակույթի ձևավորմանն ուղղված գործընթացները։
Հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները։ ՈԱԱԿ մասնագետները հատկապես շեշտադրեցին որակի ապահովման համակարգի կարևորությունը կարիքների վերհանման, հավաստի տվյալների հավաքագրման և դրանց հիման վրա կառավարչական որոշումների կայացման համար։ Հատուկ ուշադրություն դարձվեց ռազմավարական պլանավորմանն ու ցուցիչներով կառավարմանը՝ փոխկապակցելու երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պլանները, ինչպես նաև կարևորվեցին արտաքին կապերի զարգացմանն ուղղված քոլեջի գործողությունները։
Նշենք՝ Վարդենիսի բժշկահումանիտար քոլեջին 2020թ․ շնորհվել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի ժամկետով։