Նոյեմբերի 21–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավար կազմի, աբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ։
Մշտադիտարկման առանցքում էին.
• ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո քոլեջում կատարված բարելավումները,
• իրավակազմակերպական ձևի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների կառավարման ընթացքը,
• կրթական ծրագրերի վերջնարդյունքներն ապահովելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի առկայությունը,
• որակի ապահովման մշակույթի ձևավորումը։
Ներքին շահակիցների հետ հանդիպումների ժամանակ քննարկվեցին նաև կրթական ծրագրերի վերանայման և մշտադիտարկման հնարավորությունները՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու և արժանահավատ որակավորումներ շնորհելու նպատակով:
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
Նշենք, որ քոլեջի հավատարմագրումը տեղի է ունեցել ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրի շրջանակներում։ Գործընթացի արդյունքում քոլեջին 2021թ․ շնորհվել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի ժամկետով։