Հունիսի 28–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները որակի ապահովման համակարգի մշտադիտարկման նպատակով Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում էին։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենի, ամբիոնի վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ։
Մշտադիտարկման առանցքում էին հավատարմագրումից հետո քոլեջում կատարված փոփոխությունները, դեռևս առկա մարտահրավերները, քոլեջ-գործատու կապերի ամրապնդմանն ուղղված գործընթացները և որակի ապահովման մշակույթի ձևավորման ընթացքը։ Ներքին շահակիցների հետ հանդիպումների ժամանակ քննարկվեց նաև կրթական ծրագրերի վերանայման և մշտադիտարկման հնարավորությունները՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու և արժանահավատ որակավորումներ շնորհելու համար:
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
Նշենք՝ Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի հավատարմագրումը տեղի է ունեցել ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրի շրջանակներում։ Գործընթացի արդյունքում քոլեջին 2021թ․ շնորհվել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի ժամկետով։
Նույն ծրագրի շրջանակներում հավատարմագրված մեկ այլ՝ Գավառի ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մշտադիտարկումը տեղի կունենա հունիսի 30-ին: