Սեպտեմբերի 26-ին մշտադիտարկում տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Մշտադիտարկման շրջանակում հանդիպումներ կայացան համալսարանի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնի վարիչների, դասախոսների, որակի ապահովման բաժնի աշխատակիցների և ուսանողների հետ։
Հաստատության ղեկավար հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հավատարմագրման երկրորդ շրջափուլից հետո իրականացված գործընթացները, բուհի առաջընթացը և առկա մարտահրավերները։ Մշտադիտարկման առանցքում էին բարելավման պլանի իրականացման արդյունքները՝ բուհի նոր ռազմավարության մշակման աշխատանքները, գործատուների հետ համագործակցության արդյունքները, կրթական ծրագրերի մշակման հիմքերը և այլն։
Հանդիպումների ընթացքում քննարկվեց՝ ինչ մեխանիզմներով են իրականանում դասախոսական կազմի վերապատրաստումները, արդյոք ՊԴ կազմի վարկանշավորման նախագիծը կնպաստի դասախոսի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Մշակված և հաստատված կարգերի շրջանակում ամբիոնի վարիչները և դասախոսները առանձնացրին ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի իրականացման կարգի բարեփոխումները։ Ըստ մասնակիցների՝ հատկանշական է կարգի բարեփոխման շրջանակում հետազոտական բաղադրիչի ավելացումը ավարտական աշխատանքներում և գրագողությունը բացահայտող համակարգի ներդրումը։
Նշենք, որ ՈԱԱԿ–ի կողմից իրականացվող մշտադիտարկումները կրում են պարբերական բնույթ և օգնում են ուսումնական հաստատություններին վեր հանել լավագույն փորձն ու առկա մարտահրավերները շահակիցների հետ երկխոսության և մասնագիտական քննարկումների միջոցով։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ինստիտուցիոնալ հավատարմագրում առաջին անգամ անցել է 2015թ. 4 տարի ժամկետով, վերահավատարմագրվել է 2021թ․ կրկին 4 տարի ժամկետով։