ՈԱԱԿ-ում օրերս հյուրընկալվել էր Թուրինի Պոլիտեխնիկական համալսարանի որակի, զարգացման և հավատարմագրման գծով պրոռեկտոր Մուզիո Մ. Գոլան: Հյուրը ներկայացրեց որակի հավաստման միջազգային և, մասնավորապես, իտալական փորձը, սակայն նշեց, որ, իր կարծիքով, որակի ապահովման ոլորտում ամեանաօրինակելին Նիդեռլանդների փորձն է: Ըստ հյուրի, ազգային մակարդակում որակի բարելավման ամենաարդյունավետ ձևը եվրոպական երկրների լավագույն փորձի տեղայնացումն ու կիրառումն է:
Որակի ապահովման ազգային գործակալությունների հիմնական նպատակը պետք է լինի այնպիսի ուղեցույցների և մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան հավաստման գործընթացը կազմակերպել հնարավորինս պարզ ու թափանցիկ ձևով։ Նա ներկայացրեց Թուրինի Պոլիտեխնիկականի օրինակը, որն այդ ամենը սկսել է իրականացնել էլեկտրոնային-փաստաթղթավորման համակարգի միջոցով։ Թղթաբանությունն այս գործում լավագույն տարբերակը չէ, որով իրատեսորեն կարելի է ծանոթանալ ուսումնական հաստատություններում տիրող իրավիճակին։ Ազգային գործակալությունների հիմնական գործառույթներից է նաև ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումը, խորհրդատվությունը և նրանց աշխատանքի արդյունավետ համակարգումը:
Հյուրի կարծիքով, ազգային հիմնադրամների հիմնական նպատակը պետք է լինի ուսումնական հաստատությունների, դրանց կարողությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազայի ստեղծումը, նախապես մշակված ուղեցույցերի և մեխանիզմների միջոցով ուսումնական հաստատությունների ինքնակարգավորման և ինքնագնահատման ունակությունների զարգացումը, ինչպես նաև` որակի բարելավմանն ուղղված գաղափարների աջակցումը: Ըստ Մուզիո Մ. Գոլայի, չափազանց կարևոր է, որ ազգային հիմնադրամները հստակ պատկերացնեն աշխատաշուկայում տարբեր շահառուների պահանջները և փորձեն բավարարել դրանք: