Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը օգոստոսի 26-ին «Հայացք» ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրեց ապրիլ-հուլիս ամիսներին ուսումնական 8 հաստատությունների մասնակցությամբ իրականացված առաջին փորձնական ծրագրի արդյունքները (պետական 2 (ՀՊՄՀ, Գավառի ՊՀ), ոչ պետական 4 (Հայբուսակ, Հյուսիսային, Գլաձոր և Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարաններ) բուհ և 2 քոլեջ)։ Ծրագրի նպատակը կրթության որակի ապահովման նոր մոտեցումների և մեխանիզմների փորձարկումն էր։
Մոտեցումների և մեխանիզմների կիրառելիությունը դիտարկվել է «Մանկավարժության մեթոդիկա» և «Հայոց լեզու» մասնագիտությունների շրջանակում։ Իրավական առումով ծրագիրը ոչ մի հետևանք չի ունեցել և չի ենթադրել որևէ կարգավիճակի՝ հավատարմագրման տրամադրում կամ հաստատությունների որակի գնահատում։ Ուսումնական հաստատությունները նախ մասնակցել են որակի ապահովման չափանիշների ու չափորոշիչների մշակմանը, ապա դրանք գործարկելու նպատակով կազմակերպվել են այցեր հաստատություններ։
«Մենք խնդիր ունենք արդյունքում մշակել ու հրապարկել կրթական դաշտի համար ընդունելի չափանիշների ու չափորոշիչներ, որոնցով հնարավոր կլինի ստուգել ուսումնական հաստատությունների գործունեության որակը»,- ասաց Ռ. Թոփչյանը։
Ծրագրում ընդգրկված բոլոր հաստատություններն իրականացրել են ինքնագնահատում. համապատասխան ձևաչափով ներկայացրել իրենց ձեռքբերումներն ու թերացումները՝ ցույց տալով վերջիններիս շտկման ուղղությամբ կատարվող աշխատաքները։ Այնուհետեև կենտրոնի ընտրած փորձագետներն այցելել են հաստատություններ և տեղում գնահատել, թե որքանո՞վ են նրանք օբյեկտիվ եղել ինքնագնահատման ժամանակ, ինչպեսև՝ բացահատել են ուսումնական գործընթացում հնարավոր բոլոր խոչընդոտները։ Միաժամանակ փորձնական ծրագրի ժամանակ պարզվել է սեղմ ժամկետներում գործընթացների կազմակերպման հնարավորությունը։
«Ընտրված էին պետական ու ոչ պետական հաստատություններ և մենք լիովին հավասար մոտեցում էինք ցուցաբերում նրանց։ Կարծում ենք, որ որակի ապահովումն ակնթարթային չի լինում, այն շրջափուլային ու տևական գործընթաց է և պետք է լինի կառավարելի՝ հիմքում ունենալով «պլանավորում, իրականացում, գնահատում, բարելավում» բանաձևը։ Այսօր, եթե հաստատությունը ցույց է տալիս, որ ինքն այս շրջափուլը հստակ իրականացնում է, վաղը նրանից կարելի է լավ արդյունք ակնկալել»,- ասաց ՈԱԱԿ տնօրենը։ Այլապես, ըստ նրա, սպասել, որ հենց վաղը մեր բուհերը կդառնան որակյալ, իրատեսական չէ։
Որակի կառավարման աշխարհում ընդունված վերոնշյալ բանաձևով 8 հաստատությունների գործունեությունը, ինչպես նաև բոլոր ուսումնական հաստատությունների համար ՈԱԱԿ-ի մշակած հարցաշարի տվյալների վերլուծությունները ցույց են տվել, որ մեր ուսումնական հաստատություններում նման շրջափուլային գործընթաց շատ հաճախ չկա, թերի է իրականացվում կամ փաստաթղթավորված չէ։ «Այս նույն շրջափուլն ամեն մակարդակում պետք է լինի. դասախոսն աշխատանքի գնալիս՝ պետք է պլանավորի իր աշխատանքը, ավելին, պետք է վաղօրոք ներկայացանի ակնկալվող ուսումնառության արդյունքները, որպեսզի հետո կարողանա գնահատել իր աշխատանքն ու ուսանողին։ Ըստ այդմ էլ՝ նա հետո պետք է վերանայի ու բարելավի ուսուցանման գործընթացը։ Մի բան, որ այսօր չի կատարվում։ Գնահատումը շատ դեպքերում դիտվում է վերջնական մի ինչ-որ փուլ, երբ ուսանողին ասում են՝ «այո/ոչ» ու ամեն ինչ վերջանում է, ուսանողն էլ չի հասկանում, թե ինչ պիտի իմանար, պահանջեր դասախոսից։ Եթե դասախոսը սա չի անում, նշանակում է վերոնշյալ շրջափուլի առումով խնդիր ունի ամբիոնը և այսպես խնդիրը անցնում է կառավարման բոլոր մակարդակներին...»,- մեկնաբանեց տնօրենը։
Սակայն փորձնական ծրագրում ընդգրկված հաստատությունների հետ ակտիվ աշխատանքը և նրանց շահագրգռվածությունը, Ռ.Թոփչյանի խոսքով, վկայում է, որ առաջարվող մոտեցումներն ու չափանիշները գործունակ են ու կարող են արդյունավետ լինել։ «Հատատություններն այս ընթացքում մշակեցին շատ կարգեր, ինչ-ինչ գործընթացների իրականացման համար սկսեցին ձեռնարկել նոր քայլեր, ու վստահ ենք, որ առաջիկայում նրանք կշարունակեն աշխատել։ Մենք ընտրել են որակի ապահովման կառուցողական ճանապարհը, որը ողջ համակարգի համար օգտակար կլինի»,- ասաց նա։
ՈԱԱԿ-ը վստահ է, որ անցումային փուլ հայտարարելու պարագայում ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատությունները կարող են աստիճանաբար ներդնել որակի կառավարման նշված համակարգը՝ ձևավորելով որակի մշակույթ ու կարգավորելով ինստիտուցիոնալ մակարդակում նկատվող բազմաթիվ խնդիրները։ Վերջինիս առումով կենտրոնն այժմ մշակում է և առաջիկայում սկսելու է ինստիտուցիոնալ փորձաքննության փորձնական ծրագիրը։
Իսկ սեպտեմբերի 22-23-ին կենտրոնը՝ շահակիցների լայն շրջանակի ներգրավմամբ, կազմակերպելու է համաժողով, որտեղ կքննարկվեն առաջարկվող բոլոր չափորոշիչներն ու չափանիշները։ Համաժողովին կմասնակցեն նաև միջազգային փորձագետներ, ովքեր առաջարկները կգնահատեն միջազգային չափորոշիչների ու չափանիշների հետ համադրելիության տեսանկյունից՝ հետագայում մեր հանրապետությունում իրականացված որակի ապահովման գործընթացների միջազգային ճանաչումն ապահովելու նպատակով։ «Մեր կատարած աշխատանքի արդյունքները պետք է ընդունելի լինեն նաև դրսում, ուսումնական հաստատությունից ուսանողն իր հետ պետք է տանի ճանաչելի գիտելիք, արդյունք, դիպլոմ, ինչը երկրի կրթության որակի համար շատ կարևոր է»,- ասաց Ռ.Թոփչյանը։
Պատասխանելով լրագրողների հարցին առանձին բուհերի վերաբերյալ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ՝ ՈԱԱԿ տնօրենը նշեց, որ ուսումնական հաստատությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, որևէ կոնկետ տվյալ փորձնական փուլում չի հրապարակվելու, դա արվելու է բուն գործընթացի ժամանակ։ «Իսկ այսօր նորից ասել, թե սա լավն էր, նա վատն է, ոչ մեկին օգուտ չի բերի։ Ցանկության դեպքում, մեկ-երկու տարի հետո, մեր բուհերը շատ առաջընթաց կարող են ունենալ, այդ ժամանակ էլ կխոսենք նրանց մասին»,- ասաց նա։