Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման հաջողված փորձի քննարկումների շրջանակում մարտի 20-ին տեղի ունեցավ հերթական առցանց հանդիպումը, որին մասնակցեցին ավելի քան 100 ներկայացուցիչներ Հայաստանում և Արցախում գործող պետական և մասնավոր բուհերից:
ՈԱԱԿ-ը նախաձեռնել է այս հանդիպումների շարքը՝ խթանելու կրթական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ տվյալների շարունակական հավաքագրումը և դրանց հիման վրա կառավարչական որոշումների կայացումը։
Հանդիպման ընթացքում իրենց փորձով կիսվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ընդհանուր կրթության ֆակուլտետի դեկան Շարիստան Մելքոնյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Աննա Դաշտոյանը։
ՀԱՀ ներկայացուցիչ Շարիստան Մելքոնյանը ներկայացրեց տվյալների հավաքագրման մեխանիզմները և դրանց վերլուծության անհրաժեշտությունը կրթական ծրագրերի բարելավման համար։ Կարևորվեց մի քանի տվյալների համադրությամբ և վերլուծությամբ ղեկավար կազմի կողմից որոշումների կայացումը և փոփոխությունների կառավարումը։
- Ամփոփելով ՀԱՀ լավ փորձի ներկայացումը՝ բանախոսը նշեց․ «Որակի ապահովման մշակույթի տարածումը բարդ և երկարատև գործընթաց է, որին պետք է մասնակցեն բուհի բոլոր շահակիցները՝ վերևից ներքև»։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչ Աննա Դաշտոյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ում ՄԿԾ բարելավման գործընթացները և խոչընդոտները՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա» կրթական ծրագրի օրինակով։ Բանախոսը կարևորեց, որ կրթական ծրագրերի բարելավման գործում մեծ դեր ունի բենչմարքինգը, որը թույլ է տալիս բացահայտել կրթական ծրագրի առավելություններն ու բարելավման ուղղությունները։ Իր խոսքի ավարտին Աննա Դաշտոյանը նշեց, որ բենչմարքինգի արդյունքում լավագույն փորձի տեղայնացումը նպաստում է կրթական ծրագրի արդյունավետ իրականացմանը։
Բանախոսների ելույթներին հաջորդեց մասնակից բուհերի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանը, որի ընթացքում արվեցին հետևյալ եզրահանգումները․
- գործատուների հետ համագործակցությունը հագնեցնում է ՄԿԾ-ի վերջնարդյունքների չափմանը և աշխատաշուկայի կարիքների հետ համադրմանը,
- անկախ նույն առարկան դասավանդող դասախոսներից` կրթական ծրագիրը պետք է ձևավորի նույն հմտությունները և վերջնարդյունքները բոլոր ուսանողների համար,
- բուհերի ղեկավարները պետք է ներգրվված լինեն կրթական ծրագրերի վերանայման և որակի մշակույթի տարածման գործընթացներում:
«Սովորեցնելը, դասախոսական անձնակազմին կառավարելը, ուսանողակենտրոն լինելը պահանջում է շատ աշխատանք, որը պետք է կազմակերպել հատուկ միջավայրում, ներհամալսարանական բաժինների համագործակցությամբ, քանի որ ուսանողները պետք է ստանան արժանահավատ գիտելիքներ և հմտություններ, բավարարեն աշխատաշուկայի պահանջները»,-հանդիպումը եզրափակեց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը: