«Որակի ապահովումը՝ ապագայի հեռանկար» թեմայով համաժողովին մասնակցեցին ՄԿՈւ հաստատությունների շահակիցները՝ ղեկավար կազմից ներկայացուցիչներ, դասախոսներ, որակի ապահովման պատասխանատուներ, գործատուներ, ինչպես նաև ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծում ներգրավված ուսանողներ։
Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող, Գորիսի պրոֆ․ Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի հավատարմագրման գործընթացի ուսանող–փորձագետ Արթուր Դավթյանը մասնակցեց «Հավատարմագրման ազդեցությունը ՄԿՈւ հաստատությունների որակի շարունակական բարելավման վրա. քոլեջի, գործատուի, ուսանողի տեսակետից» պանելային քննարկմանը և ներկայացրեց իր մտքերը ուսանողի տեսանկյունից, իսկ Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանող, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի հավատարմագրման գործընթացի ուսանող–փորձագետ Ավետիք Խոստեղյանը մասնակցեց երկրորդ պանելային քննարկմանը և ներկայացրեց իր մեկնաբանությունները հավատարմագրման ազդեցության վերաբերյալ փորձագետի տեսանկյունից։
«Ուսանողության ձայն» նախագծի դասընթացներին մասնակցած ուսանողները պանելային քննարկումների ընթացքում առաջ քաշեցին հետևյալ թեմաները՝ դեռևս դպրոցական տարիքից մասնագիտական կողմնորոշում իրականացնելու անհրաժեշտությունը, գործատուի՝ բարձրագույն կրթություն ունեցող ուսանողին աշխատանքի ընդունելու նախընտրությունը՝ ի համեմատ նույն մասնագիտությունն ունեցող միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսանողի, ուսանողի՝ ըստ գրավչության, ոչ թե ըստ աշխատաշուկայում պահանջարկի մասնագիտություն ընտրելու մոտեցումը և այլն։
Նշենք, որ «Որակի ապահովումը՝ ապագայի հեռանկար» թեմայով համաժողովին որպես կամավորներ ներգրավվել էին նաև «Ուսանողության ձայն» նախագծի վերջին վերապատրաստումներն անցած ուսանողներ և հավատարմագրման գործընթացներում ներգրավված այլ ուսանող-փորձագետներ։
Հիշեցնենք, որ ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը հիմնվել է 2011թվականին, որի արդյունքում ամեն տարի բազմաթիվ ուսանողներ ներգրավվում են որակի ապահովման աշխատանքներում։ Այն ներառում է գործունեության լայն շրջանակ․ վերապատրաստված ուսանողները որպես փորձագետներ ներգրավվում են հավատարմագրման գործընթացներում, նեգրավվում են իրենց ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի աշխատանքներում, ՈԱԱԿ–ի հետ համագործակցելով՝ իրականացնում են հարցումներ և մասնակցում հետազոտական աշխատանքների, ներգրավվում են ՈԱԱԿ–ի և որակի ապահովման միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին։
«Ուսանողության ձայն» նախագծի ուսանողների գործունեությունը նպաստում է որակի ապահովման մշակույթի տարածմանը և զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ ներկայիս ուսանող–փորձագետների մի մասը ապագայում ոչ միայն համալրում է կրթության որակի ապահովման մասնագետների շարքերը տարբեր ուսումնական հաստատություններում, այլև դառում է ՈԱԱԿ աշխատակից։
ՈԱԱԿ–ը կարևորում է կրթության գլխավոր շահակիցներից մեկի՝ ուսանողների, տարաբնույթ ձևաչափերով ներգրավումը որակի ապահովման աշխատանքներում, քանի որ աշխատաշուկայում իրացվելուն պատրաստ ուսանողը որակայլ կրթության վերջնարդյունքն է։