Որակի ապահովման յուրաքանչյուր գործընթացի արդյունք պետք է ուղղված լինի ուսանողին․ կլոր–սեղան քննարկումներ ՄԿՈւ հաստատությունների ՈԱ պատասխանատուների հետ
ՈԱԱԿ-ը հոկտեմբերի 12-ին և 13-ին իրականացրեց ՄԿՈւ հաստատությունների որակի ապահովման պատասխանատուների հետ կլոր–սեղան քննարկումներ։ Նմանատիպ հանդիպումների նպատակը երկխոսության հարթակի ձևավորումն է ՄԿՈւ հաստատությունների միջև միասին խնդիրները վերհանելու և համատեղ լուծումներ գտնելու համար։
Հղում կատարելով Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին, ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը շեշտադրեց ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների մինչև 90%-ի՝ իրենց մասնագիտությամբ աշխատելու հեռանկարը։
Հանդիպումների ընթացքում ՄԿՈւ հաստատությունների որակի ապահովման պատասխանատուները կիսվեցին իրենց աշխատանքային փորձառությամբ, ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացների կազմակերպման արդյունքներով։
Քննարկվեցին հետևյալ ուղղությունները․
- որակի ապահովման պատասխանատուների դերը հաստատության կարիքների վերհանման գործընթացներում,
- ղեկավարների կողմից խնդիրների առաջադրումը և աջակցությունը համակարգի զարգացման գործում,
- հաղորդակցության զարգացումը ուսումնական հաստատության շահակիցների միջև՝ որպես որակի ապահովման մշակույթի զարգացման նախադրյալ,
- հավատարմագրման չափանիշների մեկնաբանման առանձնահատկությունները,
- ՊԻԳԲ շրջափուլի կիրառման հնարավորությունները բոլոր ստորաբաժանումների գործունեության համատեքստում,
- ՈԱԱԿ–ի հետ փոխգործակցության հնարավորությունները։
Առանձնակի կարևորությամբ շեշտադրվեց նաև ուսանողների մասնագիտական առաջընթացի ուսումնասիրման գործիքների ու առաջընթացի թեստերի կիրառումը սովորողների գնահատման գործընթացում։
Ի լրումն վերոնշյալին նշենք՝ ՈԱԱԿ–ը ամեն տարի պարբերաբար իրականացնում է շահակիցների հետ հանդիպումներ տարբեր ձևաչափերով։ Կլոր–սեղան քննարկումները, աշխատաժողովները, համաժողովները ուսումնական հաստատությունների հաղորդակցման, որակի ապահովման արդի խնդիրների վերհանման և համակարգային լուծումների առաջարկման արդյունավետ հարթակներ են։ Բացի այդ՝ այս գործընթանցերը ամրապնդում են գործընկերային հարաբերությունները ոչ միայն ՈԱԱԿ–ի հետ, այլև ստեղծում են գործընկերություն տարբեր ուսումնական հաստատությունների միջև։