Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը նոյեմբերի 28-29-ին մասնակցել է ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալության կողմից կազմակերպված «Պետական հավատարմագրում․ համակարգային մոտեցում դասավանդման որակի ապահովմանը» խորագրով համաժողովին։
Վլադիմիրի Ա․ և Ն․ Ստոլետովների անվան պետական համալսարանում կայացած համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության որակի ապահովմանը, դրա համապատասխանեցմանը պետական պահանջներին և չափորոշիչներին հավատարմագրման միջոցով։
Պարոն Թոփչյանը ռուս գործընկերներին ներկայացրել է որակի ապահովման գործընթացները Հայաստանում, հավատարմագրումների ՈԱԱԿ-ի փորձը, կառույցի միջազգային անդամակցություններն ու ճանաչումը։ Շեշտադրվել է ՈԱԱԿ-ի անդամակցությունը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) և ընդգրկվածությունը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR)։ Անդրադարձ է կատարվել նաև համատեղ միջազգային հավատարմագրումների հնարավորությանը։
Համաժողովին մասնակցել են ՌԴ Կրթության նախարարության և ռուսաստանյան առաջատար բուհերի մասնագետներ, ինչպես նաև Հավատարմագրման ազգային գործակալության մասնագետներն ու փորձագետները։