Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ սույն թվականի մարտի 3–ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ ՈԱԱԿ փորձագետների համաժողովը՝ «Հավատարմագրման ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա» խորագրով։
Համաժողովը մեկտեղել էր 2010-2023 թվականներին հավատարմագրման գործընթացներում ներգրավված փորձագետներին՝ քննարկելու հավատարմագրման ազդեցությունը, դրա արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու զարգացման միտումները:
Համաժողովն իր տեսակով նախադեպային էր։ Փորձի փոխանակման և փոխգործակցության յուրահատուկ միջավայր ստեղծելու նպատակով կիրառվեց «World Café» ձևաչափը, որի շրջանակներում սեղանների շուրջ հավաքվել էին տարբեր տարիներին գործընթացներում ներգրավված փորձագետներ: Առաջին շրջափուլում մասնակիցները քննարկեցին ինստիտուցիոնալ հավատարմագրման մեկնարկային փուլում սահմանված առաջնահերթությունները, յուրաքանչյուր շրջափուլից հետո բարելավման ընթացքը: Քննարկման ավարտին մասնակիցները Mentimeter հարթակի կիրառմամբ քվեարկեցին՝ դուրս բերելու հավարտարմագրման արդյունքում բարելավված ուղղությունները: Փորձագետների շեշտադրմամբ՝ իրենց խորհրդատվությունների հիման վրա առավելապես բարելավվել են Մասնագիտական կրթական ծրագրեր, Որակի ներքին ապահովման համակարգ, Առաքելություն և նպատակներ տիրույթները։
«World Café» ձևաչափի երկրորդ շրջափուլի ընթացքում փորձագետները վերախմբավորվեցին և նոր խմբերով քննարկեցին հավատարմագրման ներկայիս շեշտադրումները և ժամանակի մարտահրավերներին համահունչ փոփոխությունների անհրաժեշտությունը: Քվեարկության արդյունքում փորձագետները դուրս բերեցին, որ Հետազոտություն և զարգացում, Արտաքին կապեր և միջազգայնացում, Կառավարում և վարչարարություն տիրույթների զարգացումը դեռևս շարունակում է մարտահրավեր մնալ մասնագիտական ուսումնական հաստատությունների համար:
Փորձագիտական խմբային քննարկումներին հաջորդեց «Հավատարմագրումն ապագայում» թեմայով պանելային քննարկումը: Քննարկման բանախոսների թվում էին ՈԱԱԿ փորձագետներ, ուսանող-փորձագետներ, Հավատարմագրման հանձնաժողովի անդամներ, ՈԱԱԿ ներկայացուցիչներ: Պանելային քննարկումը վարեց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Պանելային քննարկման սկզբում ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց հավատարմագրման ազդեցությունների և շեշտադրումների վերաբերյալ ամփոփ վերլուծություն, որի հիմքում ընկած են 2010–2022 թվականների հավատարմագրման արդյունքները և փորձագիտական զեկույցները։ ՈԱԱԿ ուսումնասիրությունները փաստում են, որ հավատարմագրման երկու շրջափուլերի արդյունքում բարելավվել են առանձնացված գրեթե բոլոր տիրույթները: Պանելային քննարկման արդյունքում արվեցին հետևյալ եզրահանգումները.
- հավատարմագրման նախորդ շրջափուլերի արդյունքում բարելավվել են փաստաթղթավորման գործընթացները, մշակված փաստաթղթային հենքը դրվել է կիրառության մեջ,
- մշակվել են վերջնարդյունքահենք կրթական ծրագրեր,
- բոլոր բուհերում ներդրվել են որակի ներքին ապահովման համակարգեր և տվյալների հավաքագրման մեխանիզմներ:
Մասնակիցների կողմից դուրս բեվեցին հետևյալ մարտահրավերները.
- կառավարման համակարգի արձագանքման անհրաժեշտությունը փոփոխություններին՝ հիմնվելով որակի ապահովման համակարգի տված տվյալների վրա,
- հետազոտության ինտեգրումը կրթությանը և հետազոտող-մասնագետների պատրաստումը տնտեսության զարգացման համար,
- կրթության միջազգայնացումը բենչմարքինգի իրականացման և լավագույն փորձի տեղայնացման համատեքստում:
Համաժողովի ավարտին ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանը ընդգծեց որակը լսարան տանելու անհրաժեշտությունը․ «միջազգայնացումը, կրթական ծրագրերն ու հետազոտությունը կարևորվելու են, բայց ինչ է տեղի ունենալու լսարանում, ինչ փոփոխություններ են լինելու «կարևորելու» արդյունքում։ Արդյոք ունենալու ենք առաջադրանքներ, որոնք հետազոտական բաղադրիչ կպարունակեն, հրաժարվելու՞ ենք նյութը նույնությամբ կրկնելու մեթոդից։ Հիմա մենք մտնում ենք մի ոլորտ, որ հասկանանք՝ ուսանողը մտածող է, թե՝ ոչ, դասախոսը հետազոտող է, թե՝ ոչ»։