Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մարտի 26-ից մեկնարկած փորձնական ծրագրի շրջանակներում ընդգրկված մասնագիտական ուսումնական հաստատությունների(ՄՈՒՀ) ներկայացուցիչների հետ հանդիպումներ է անցկացնում նրանց ինքնագնահատման ձևաչափի քննարկման նպատակով։
Փորձնական ծրագիրը, որն իրականացվում է 5 բուհում և 2 քոլեջում, նպատակ ունի փորձարկելու հավատարմագրման գործընթացի ՈԱԱԿ-ի մշակած նոր մոտեցումներն ու մեխանիզմները։
Ինքնագնահատումը՝ համապատասխան ձևաչափով, հավատարմագրման առանցքային ու կարևոր գործընթացներից է, քանի որ հենց դրա վրա է հիմնվելու փորձագիտական խմբի աշխատանքը ՄՈՒՀ-երում։ Այսինքն, ինքնագնահատմամբ ուսումնական հաստատությունն ինքն է նախ ներկայացնում, թե որքանո՞վ է բավարարում նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են հավատարմագրման համար։
Ինքնագնահատման նոր ձևաչափն ունի վերլուծության մի քանի բաժիններ, և ըստ համապատասխան բաղադրիչների, ՄՈՒՀ-ը պետք է ներկայացնի իր գործունեության ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորությունները և խոչընդոտները (արտաքին)։ Ձևաչափի այս հատվածը քննարկելիս, բուհերի ներկայացուցիչները մտավախություն հայտնեցին, թե հաստատությունները հազիվ թե վերլուծության մեջ նշեն իրենց թույլ կողմերը կամ արտաքին խոչընդոտները։ Սակայն կենտրոնի մասնագետները մեկնաբանեցին, որ հավատարմագրման ու ընդհանրապես, որակի ապահովման գործընթացների առանքներից մեկը խնդիրների գիտակցումն է։ Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել, որ հաստատությունները կարող են լուծել դրանք։
Սա է նոր մոտեցումը, որը ենթադրում է, որ վերլուծությամբ իր ուժեղ ու թույլ կողմերը ներկայացնելով՝ բուհերը ցույց կտան նաև դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հանգամանք, որը փորձագիտական խմբի կողմից նույնպես կգնահատվի։ Այսպիսով, հավատարմագրման ժամանակ փորձագետները կարող են գնահատել ոչ միայն հաստատությունում առկա վիճակը, այլև նրա՝ խնդիրների լուծման և զարգացման, ասել է թե, որակի ապահովման ներուժը։
Ինքնագնահատման ձևաչափը կենտրոնը զուգահեռաբար քննարկում է նաև տեղի ու միջազգային փորձագետների հետ։