Փետրվարի 13–14-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ փորձագետների վերապատրաստում։ Երկօրյա դասընթացի նպատակն էր ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների համար պատրաստել համապատասխան մասնագիտություններով փորձագետների, ովքեր կկարողանան համադրել ՄՈՒՀ-երում հավաքագրված փաստերը, վերլուծել և դուրս բերել ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ խոշոր խնդիրները, լավագույն փորձը և տրամադրել բարելավման թիրախային խորհրդատվություններ:
Վերապատրաստման սկզբում մասնակիցները քննարկեցին, թե ինչ է որակը: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ որակը դինամիկական երևույթ է, այն անվերջ շարժում է։ Եվ կարևոր է, որ փորձագետներն ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում ուշադրություն դարձնեն, թե որքան ճկուն են ՄԿՈՒ հաստատությունները և որքանով են կարողանում հետևել ժամանակի պահանջներին։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին փորձնական արտաքին գնահատման համար տրվեց ինֆորմացիա պայմանական ՄՈՒՀ-ի մասին: Նրանց խնդիրն էր վերլուծել տրամադրված ինֆորմացիան, նախնական գնահատում իրականացնել և դուրս բերել հարցեր, որոնք կօգնեն ՄՈՒՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների մասին հիմնավոր դատողություններ ու եզրահանգումներ անել:
Քննարկվեց, թե՝
- ինչ սկզբունքով է պետք գնահատել ուսումնական հաստատության գործունեությունը և կրթական ծրագրերը,
- ինչպես հասկանալ՝ արդյոք ուսանողը մասնագետ դառնում է ավարտելիս և գնահատել ՄԿԾ-ի սահմանած վերջնարդյունքների ապահովումը:
Կարևորվեց, որ փորձագետը կարողանա ճիշտ հարցեր ձևակերպել, ստանալ այնպիսի տեղեկատվություն, որը կարող է ընդհանրացնել և օբյեկտիվ պատկերացում կազմել ՄՈՒՀ-ի մասին:
Նշենք, որ ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպվող փորձագետների վերապատրաստման դասընթացները պարբերական բնույթ են կրում: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներն ընդգրկվում են ՈԱԱԿ փորձագիտական բազայում, իսկ հետագայում մասնակցում հավատարմագրման գործընթացներին: