«Որակ, կարողություններ և կրթական վերջնարդյունքներ․ ինչպես ապահովել Z սերնդի աշխատունակությունը». կրթության որակի ապահովման առաջատար մասնագետներն այս հարցն էին քննարկում Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) 12-րդ ֆորումի ընթացքում։ Որպես INQAAHE անդամ ֆորումին մասնակցում էին նաև ՈԱԱԿ-ի մասնագետները։
Օնլայն ֆորումի առանցքային թեմաներն էին Z սերնդի (1996-2015թթ․ ծնվածներ) կարողությունների ձևավորումը որակի ապահովման և որակավորումների ճանաչման նորարարական մոտեցումների միջոցով և Z սերնդի աշխատունակության բարձրացումը։
Այս տարվա միջոցառման կազմակերպիչն էր Բարձրագույն կրթության որակի ապահովման և կարիերայի զարգացման գործակալությունը (AKKORK)․
Ֆորումին նախորդող քառօրյա աշխատաժողովի շրջանակներում Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի անդամները քննարկեցին, թե ինչպես որակի ապահովման համակարգը կարող է խթանել բարձրագույն կրթության պրոակտիվ արձագանքը բազմազանությանը։ Այս առումով կարևորվեց միկրոորակավորումների դերը։
Օրակարգային թեմաներից մեկն էլ STEM մասնագիտությունների ծրագրային հավատարմագրման առանձնահատկություններն էին։ Ներկայացվեց ոլորտի հաջողված փորձը, հավատարմագրման սկզբունքները և գործիքները։ Շահակիցները քննարկեցին նաև կրթական արդյունքների և որակի ապահովման փոխկապակցվածությունը։
Բուն ֆորումի ընթացքում քննարկվող թեմաներից մեկը բժշկական կրթության որակի ապահովումը և հավատարմագրումն էր։ Թեման ներկայացրեց WFME նախագահ Դեյվիդ Գորդոնը։
Ներկայացվեցին համավարակի ընթացքում կրթության որակի ապահովման ոլորտում կիրառված նորարարական մոտեցումները, շեշտվեց հիբրիդային կրթության խթանման կարևորությունը։
«Կրթության որակի ապահովման գլոբալ միտումները» թեմայով հետազոտության արդյունքները ներկայացրեց INQAAHE նախագահ Սուսաննա Կարախանյանը։
Ֆորումի շրջանակներում զեկույցով հանդես եկավ նաև ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ներկայացնելով Արևելյան Եվրոպայում որակի ապահովման համակարգը, առկա մարտահրավերները և զարգացման ուղիները։