ՈԱԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկման ընթացքում Ոստիկանական կրթահամալիրում տեղի ունեցան հանդիպումներ Կրթահամալիրի պետի և պետի տեղակալների հետ։ Հանդիպման սկզբում Կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը ողջունեց ՈԱԱԿ մասնագետներին և կարևորեց ինչպես որակի ապահովման ներքին համակարգի աշխատանքը Կրթահամալիրում, այնպես էլ համագործակցությունը ՈԱԱԿ-ի հետ որակի ապահովման համատեքստում, որից հետո անդրադարձ անելով Կրթահամալիրի հավատարմագրման առաջին շրջափուլի արդյունքներին և առկա խորհրդատվություններին՝ համառոտ ներկայացրեց կրթական հաստատության կողմից արված աշխատանքը, բարելավման ընթացքը, արդյունքները և սպասվելիք անելիքները։ Կրթահամալիրի Որակի ապահովման կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքի կազմակերպման և իրականացման սկզբունքները։ ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանը կարևորեց որակի ապահովման ներքին համակարգի դերը տվյալների հավաքագրման և մշակման գործում, ինչը նպաստում է տվյալահենք որոշումների կայացմանը և արդյունավետ կառավարմանը։ Բացի դրանից, ՈԱԱԿ տնօրենը նշեց, որ Կենտրոնը չի դադարում իրականացնել ինչպես որակի ապահովման համակարգի բարելավման, այնպես էլ մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման և բարելավման վերաբերյալ աշխատաժողովներ, որոնք զարգացնում են որակի ապահովման մասնագետների հմտությունները։ ՈԱԱԿ մշտադիտարկումների առանցքում են նաև մասնագիտական կրթական ծրագրերը։ «Իրավագիտություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների հետ քննարկվեցին մի շարք հարցեր՝ կրթության կազմակերպումից, բարելավումից մինչև բավարարվածության մակարդակ և զարգացման միտումներ։ Հանդիպման ավարտին ՈԱԱԿ մասնագետները Կրթահամալիրի պետի և պետի տեղակալների հետ կիսվեցին հանդիպման արդյունքներով և տպավորություններով՝ շեշտադրելով հաստատության ձեռքբերումները և դեռևս առկա մարտահրավերները։