Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը որպես փորձագետ մասնակցում է մոնղոլական երկու բուհերում ծրագրային հավատարմագրման։
Էրազմուս+-ի C3QA ծրագրի շրջանակներում երկու ասպիրանտական կրթական ծրագրի արտաքին գնահատում և հավատարմագրում է իրականացվում համապատասխանաբար Օտգոնթենգեր համալսարանում (Otgontenger University) և Մոնղոլիայի ազգային համալսարանում։ Փորձագիտական խմբում ընդգրկված են մասնագետներ ծրագրի գործընկեր կազմակերպություններից։
Արտաքին գնահատման գործընթացի ավարտին փորձագետները յուրաքանչյուր կրթական ծրագրի համար զեկույց կկազմեն, որում բարելավման խորհրդատվություն կմատուցեն մոնղոլական բուհերին։
«Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) եռամյա ծրագիր է։ Նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում։