Հոկտեմբերի 18-20-ին ՈԱԱԿ պատվիրակությունը Լոնդոնում մասնակցեց Բրիտանական խորհրդի կազմակերպած «Deep Dialogues» միջազգային միջոցառմանը։ Այն եզակի հարթակ էր ստեղծել բարձրագույն կրթության ոլորտում առկա կարևորագույն խնդիրների վերաբերյալ մասնագիտական և բազմակողմանի քննարկումների համար:
Միջոցառման երեք օրերի ընթացքում ՈԱԱԿ պատվիրակության ներկայացուցիչները՝ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը, 10 երկրների, այդ թվում՝ Միացյալ Թագավորության գործընկերների հետ բովանդակալից քննարկումներ ունեցան կրթական համակարգում մարտահրավերներից հետո համակարգի վերականգման ճկունության, ներառականության և դրանցում որակի ապահովման կարևորության շուրջ։
Միջոցառման ժամանակ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց ՀՀ կրթական համակարգը, որակի ապահովման գործընթացներն ու զարգացումները:
Միջոցառման կարևոր դրվագներից էր Լոնդոնի համալսարանի միջազգային աշխատանքների պատասխանատուի զեկույցը։ Համալսարանն աշխարհում առաջատարն է իր վարած ճկուն և ներառական քաղաքականությամբ: Ուսանողների բավարարվածությունն ապահովելու հարցում համալսարանի հաստատակամությունը, որակի ապահովման համակարգերի կարևորումը՝ որպես ճկունության հիմնական բաղադրիչ, բավական տպավորիչ են: Նրանց մոտեցումն օրինակելի է ողջ աշխարհի կրթական հաստատությունների համար:
Նշանակալից էր նաև Times Higher Education-ի միջազգային հարցերով տնօրեն Ֆիլ Բաթիի մոտիվացիոն ելույթը: Պրն. Բաթին ընդգծեց, որ բուհերը չպետք է սահմանափակվեն իրենց ունեցած հեղինակությամբ, կարևոր է մշտապես աշխատել լավ համբավը պահպանելու և ուսանողներին անհրաժեշտ հմտություններն ապահովելու ուղղությամբ: Այս գործոնները բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ցանկում հայտնվելու նախապայմաններից են։ Այսպիսի ժամանակներում, երբ հնարավոր չէ գերազանցությունը չափել զուտ թվային ցուցանիշներով, պարոն Բաթիի տեսակետները ուղենիշ են բարձրագույն ուսումնական հաստատությունների համար:
«Deep Dialogues» միջոցառումը մտքերի փոխանակման գործուն հարթակ է, որը խթանում է համագործակցության ձևավորումը: ՈԱԱԿ–ը շնորհակալ է Բրիտանական խորհրդին դրական փոփոխություններին միտված այս միջոցառումը հյուրընկալելու համար: ՈԱԱԿ-ը մեծ ոգևորությամբ պատրաստ է կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու կյանքի կոչել նոր գաղափարները Հայաստանում բարձրագույն կրթության որակի բարելավմանը նպաստելու համար: