Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) փետրվարի 8-ից մեկնարկել է փորձագետների վերապատրաստման հերթական եռօրյա դասընթացը։ Այս անգամ վերապատրաստման առանցքում է բժշկական մասնագիտությունների համար փորձագետների պատրաստումը՝ հետագայում հավատարմագրման գործընթացներում ընդգրկելու համար:
Վերապատրաստման շրջանակներում ներկայացվել են հավատարմագրման գործընթացը և փորձագիտական աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, մասնավորապես՝ կարևորվել է, որ փորձագետը կարողանա.
- նախնական գնահատման ընթացքում վեր հանել ուսումնական հաստատության կարիքները, խնդիրները և տրամադրել խորհրդատվություններ,
- տրամադրված ինքնավերլուծությունից դուրս բերել ուսումնական հաստատության վերաբերյալ կանխավարկածներ,
- ըստ կանխավարկածների՝ ձևակերպել հարցեր,
- ըստ ստացված պատասխանների՝ անել եզրահանգումներ:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցներն ուսումնասիրում են որևէ ուսումնական հաստատության ինքնավերլուծության օրինակ, փորձում են իրականացնել նախնական գնահատում:
Այսօր մասնակիցները դերային խաղերի միջոցով ֆոկուս-խմբային հանդիպումներ ունեցան ուսանողների հետ՝ նպատակ ունենալով դուրս բերել այնպիսի տեղեկատվություն, որը կհաստատի կամ կժխտի նախօրոք դուրս բերված կանխավարկածները։
Դերային խաղը օգնում է ապագա փորձագետներին իրավիճակային մոդելով հասկանալ՝ ինչպես է ընթանում փորձագիտական այցը, ինչպիսի հարցեր հնչեցնել և ինչպես՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:
Վերապատրաստման վերջին օրը մասնակիցները դուրս բերած տեղեկատվության հիման վրա ներկայացնելու են իրենց եզրահանգումները:
Վերապատրաստումից հետո լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները կընդգրկվեն ՈԱԱԿ փորձագիտական բազայում և հնարավորություն կստանան մասնակցելու հավատարմագրման գործընթացներին՝ որպես արտաքին փորձագետ։