ՈԱԱԿ-ում ավարտվեց «Որակի ապահովման համակարգի ներդրում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով վերապատրաստումը ՄԿՈւ հաստատությունների ներկայացուցիչների համար: Այս վերապատրաստումների առացքում էր Որակի ապահովման համակարգը, հավաստի տվյալների հավաքագրումը և վերլուծումը, ՈԱ պատասխանատու և ղեկավար անձնակազմ համագործակցությունը, կառավարման գործընթացների միասնականությունը և աշխատակիցների դերերի ճիշտ բաշխումը, որոշումների արդյունքահենք և չափելի լինելը, ինչպես նաև որակավորումների արժանահավատ շնորհումը:
Կարևորելով Որակավորումների արժանահավատ շնորհումը՝ վերապատրաստման վերջին օրը ներկայացվեց և քննարկվեց կրթական ծրագրերի իրականացումը և դրանց արժանահավատությունը փաստող անհրաժեշտ տվյալների հավաքագրումը, որը հնարավորություն կտա ուսումնական հաստատությանն իրականացնել կրթական ծրագրի գնահատում և ապահովել շարունակական բարելավում:
Շեշտադրելով դասավանդման գործընթացը՝ վերապատրաստման ընթացքում քննարկվեց, թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի դասախոսը «դաս տալուց» անցում կատարի սովորեցնելուն, և թե ինչու դասախոսի նպատակը պետք է լինի սովորեցնելը, այլ ոչ՝ պարզապես «դաս տալը»։ Իսկ սովորեցնելու հիմնական գործիքակազմ դիտարկվեցին ուսանողին տրվող հանձնարարականները, որոնք պետք է կազմված լինեն այնպես, որպեսզի թույլ տան ուսանողին պատրաստ լինել գործատուի մոտ աշխատանքին:
Առաջիկայում ՄԿՈւ հաստատությունների ներկայացուցիչները կփորձեն կիրառել իրենց ստացած հմտությունները որակի ապահովման գործընթացները պլանավորելու և իրագործելու համար, որից հետո որակի ապահովման պատասխանատուների և ՄԿՈւ այլ շահակիցների հետ կկազմակերպվեն քննարկումներ՝ որակի ապահովման համակարգի լավագույն փորձի բացահայտման ու տարածման նպատակով: