ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ 2024 թվականի վերջին առցանց աշխատաժողովը՝ նվիրված մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) բարելավման լավագույն փորձի ներկայացմանը։ Աշխատաժողովին մասնակցեցին ավելի քան 60 մասնագետներ Հայաստանի տարբեր բուհերից։
Հայկական բժշկական ինստիտուտի մասնագետները ներկայացրին «Ստոմատոլոգիա» ՄԿԾ-ի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Նրանք շեշտեցին, որ օտարերկրյա բուհերի հետ բենչմարքինգի արդյունքում իրականացվել են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝
- ներդրվել են նոր առարկաներ, օրինակ՝ «Ստոմատոլոգիական նյութագիտություն» և «Թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա»,
- վերանայվել են առարկայական նկարագրերը և հստակեցվել վերջնարդյունքները,
- ավարտական քննությունները համալրվել են թեստային և գործնական բաղադրիչներով,
- բարելավվել է վերջնարդյունքների քարտեզագրումը, որը հնարավորություն է տալիս համակարգված վերահսկել ուսումնական գործընթացը և սահմանված վերջնարդյունքների ապահովումը։
Շիրակի պետական համալսարանի մասնագետները ներկայացրին ինտեգրված գործնական դասի փորձը «Զբոսաշրջության սոցիալ-տնտեսական, մշակութային, բնապահպանական և քաղաքական նշանակությունը» թեմայով։ Դասի շրջանակներում ուսանողները մշակել են զբոսաշրջային ուղեցույցներ՝ օգտագործելով տարբեր դասընթացների շրջանակում ձեռք բերած գիտելիքները։ Նշվեց, որ ինտեգրված դասի կազմակերպումը հնարավորություն է տալիս ձևավորել մասնագիտական մտածողություն և զարգացնել գործնական հմտություններ։
Աշխատաժողովի ընթացքում կարևորվեց նմանատիպ փորձի փոխանակման շարունակականությունը՝ ընդգծելով, որ ապագա աշխատաժողովների շրջանակում բուհերը կարող են պատմել ոչ միայն իրենց հաջողված փորձի, այլ նաև փորձարկումների արդյունքում քաղված դասերի մասին։