Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր ընդունեց ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խմբի անդամներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց որակի ապահովումը ռազմական ուսումնական հաստատություններում: Պարոն Թոփչյանը հյուրերին ներկայացրեց ռազմական ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը, որակի ներքին ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ ցուցաբերված աջակցությունը: Նշվեց նաև, որ առաջիկայում Հայաստանում գործող բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունները պատրաստվում են դիմել ինստիտուցիոնալ հավատարմագրման:
Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խմբի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել՝ ներկայացնելով ռազմական ուսումնական հաստատություններում որակի ապահովման և հավաստման եվրոպական երկրների փորձը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց Ռումինիայի և Մոլդովայի փորձին, որտեղ ռազմական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգը հաջողությամբ ներդրվել է շուրջ 8 տարի առաջ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում աշխատաժողով կազմակերպել՝ փորձի փոխանակման և համագործակցության հետագա ուղիների մշակման նպատակով: