Հունիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կայացավ վերապատրաստում «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME (Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիա) չափորոշիչներին» թեմայով, որին մասնակցեցին Հայաստանում գործող 4 բժշկական ուսումնական հաստատություններից և կազմակերպություններից։ Վերապատրաստումն իրականացրին Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիայի (AMEE) սերտիֆիացված մասնագետ Մարիամ Վելիջանաշվիլին, Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի (NCEQE) փորձագետ, Կանանց գիտական ասոցիացիայի համահիմնադիր, նախագահ Նինո Չիչվեիշվիլին։
Վերապատրաստման նպատակն էր բուհերին նախապատրաստել բժշկական կրթական ծրագրերի բարելավմանը՝ դրանք համապատասխանացնելով միջազգային WFME չափորոշիչներին և շեշտադրվելով ինտեգրված ուսումնական պլանների կազմման առանձնահատկությունները, դասախոսական աշխատանքի պլանավորման կարևորությունը, սովորողների մոտ կլինիկական մտածողության ձևավորումը։
Վերապատրաստման մասնակիցները ծանոթացան դասավանդման և գնահատման ժամանակակից մեթոդներին՝ ըստ WFME և AMEE չափորոշիչների և սովորեցին կազմել օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության (OSCE) ստուգաթերթ (checklist) , ուսումնասիրեցին խնդրի վրա հիմնված ուսուցման (PBL: problem-based learning) , խնդիր լուծելով ուսուցման (PSL: problem solving learning), դեպքի վրա հիմնված ուսուցման (CBL: case-based learning) միջազգային փորձը, որից հետո վերապատրաստողների օգնությամբ փորձեցին կիրառել դրանք գործնական առաջադրանքներում։
Երեք օրերի ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին․
- ուղղահայաց և հորիզոնական ինտեգրացիան ուսումնական պլաններում,
- դասավանդման և գնահատման մեթոդների արդիականացումը,
- միջառարկայական կապերի կարևորությունը բժշկական կրթական ծրագրերում,
- յուրաքանչյուր առարկայում տեսական և կլինիկական մասերի զուգորդումը և կլինիկական մտածողությամբ շրջանավարտների թողարկումը,
- դասախոսական անձնակազմի մասնագիտական և մանկավարժական հմտությունների շարունակական բարելավման մեխանիզմները և հնարավորությունները։
Վերապատրաստումն ամփոփվեց մասնակցության հավաստագրերի հանձնմամբ։ Նմանօրինակ թեմատիկ վերապատրաստումները մեկ քայլով մոտեցնում են հայաստանյան ուսումնական հաստատություններին միջազգային հավատարմագրմանը, իսկ ուսանողներին՝ միջազգային աշխատաշուկային։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը նաև նախապատրաստվում է WFME-ի կողմից ճանաչման գործընթացին։