Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որպես գործընկեր մասնակցելու է Էրազմուս + EUniQ (Եվրոպական մոտեցման մշակում եվրոպական համալսարանների ցանցի համապարփակ որակի ապահովման համար) ծրագրին։
EuniQ-ը երկամյա ծրագիր է (2019-2021թթ․), համակարգողը Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունն (NVAO) է:
Ծրագրի նպատակն է ճանապարհային քարտեզ ապահովել որակի ապահովման գործակալությունների համար, որպեսզի նրանք, հաշվի առնելով եվրոպական համալսարանների առանձնահատկությունները, տրանսազգային կրթությունը և համատեղ հավատարմագրումները, միասին որակի ապահովման համակարգի գնահատման այնպիսի մեթոդաբանություն մշակեն, որը կիրառելի կլինի բոլորի համար։
Ծրագրի շրջանակներում մշակված մեթոդաբանությունը կփորձարկվի 3-4 արտաքին գնահատումների միջոցով, որոնք կիրականացնեն գործընկեր հավատարմագրման գործակալությունները։
Ծրագրի գործընկերների թվում են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցը (ENQA), Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալությունը (AAQ), Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձրագույն խորհուրդը (Hceres, Ֆրանսիա), Եվրոպական համալսարանների ասոցիացիան (EUA, Բելգիա), Եվրոպական ուսանողական միությունը (ESU) և այլն։