Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում: Ծրագրի ղեկավար Սուսաննա Կարախանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց վերանայման ենթակա փաստաթղթերի ցանկը, քննարկվեցին առաջիկա անելիքները:
Ծրագրի շրջանակներում բուհերը պետք է վերանայեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում Որակի ապահովման ձեռնարկը, Ուսանողի ձեռնարկը, Կառավարման կառուցվածքը և այլն:
Փաստաթղթերի վերանայումից հետո Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը ծրագրի մասնակից 11 բուհերում արտաքին գնահատում կիրականացնի: Գործընթացը կոչված է աջակցելու բուհերին բարելավել ինստիտուցիոնալ կարողությունները:
GOVERN-ը եռամյա ազգային ծրագիր է (2013-2016), ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել Բոլոնիայի օրակարգին համահունչ արդյունավետ կառուցվածքային փոփոխությունները, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը: