«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) աշխատակիցներն աջակցում են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային որակի ներքին ապահովման համակարգի կայացման հարցում:
Բուհում ապրիլի 10-11-ին ընթանում է «Որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները» թեմայով երկօրյա սեմինարը`նախատեսված բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Սեմինարին որպես բանախոսներ մասնակցում են նաև ՈԱԱԿ աշխատակիցները:
Երեկ կայացած սեմինարին որպես բանախոս է հանդես եկել ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Հարություն Մարզպանյանը, ով ներկայացրել է, թե ինչ է որակի ապահովման համակարգը, ինչու է կարևոր որակի ներքին ապահովման մշակույթի ձևավորումը բուհում, ինչ մեխանիզմներ պետք է ներդրվեն, որպեսզի կայանան որակի ներքին ապահովման համակարգի առանձին տարրերը: Այնուհետև Մարզպանյանը պատասխանել է բուհի աշխատակիցների՝ կրթության որակի ապահովման ներբուհական համակարգի կայացմանն առնչվող բազմաբնույթ հարցերի:
Այսօր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում շարունակվող սեմինարին որակի ապահովման արտաքին համակարգը կներկայացնեն և հարցերին կպատասխանեն ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի պետ Անուշավան Մակարյանը և բաժնի մասնագետ Հարություն Մարզպանյանը: