Ապրիլի 10-14-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետներն արտաքին գնահատում են իրականացրել ուկրաինական, բելառուսական և վրացական մի շարք բուհերում:
ՏԵՄՊՈՒՍ-ի PICASA ծրագրի շրջանակներում միջազգայնացման ուղղությամբ արտաքին գնահատում է իրականացվել Վրաստանի Իլյայի պետական և Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարաններում, Ուկրաինայի Յուրի Ֆեդկովիչի անվան Չերնիվցի ազգային համալսարանում, Ազգային մետալուրգիական ակադեմիայում, Օդեսայի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանում, ինչպես նաև Բելառուսի պետական համալսարանում, Գրոդնոյի Յանկա Կուպալայի անվան պետական համալսարանում ու Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի բելառուսական պետական համալսարանում: ՈԱԱԿ մասնագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել բուհերում PICASA ծրագրի համակարգող թիմի, համալսարանների արտաքին կապերի բաժնի աշխատակիցների և ղեկավարի հետ, ծրագրի շրջանակներում վերանայված մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների և ուսանողների հետ: Իրականացվել է նաև փաստաթղթերի դիտարկում: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Վրաստանի, Ուկրաինայի և Բելառուսի կրթության նախարարության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են PICASA ծրագրի արդյունքները և արձանագրված ձեռքբերումները:
«Արևելյան գործընկերության երկրներում բուհերի միջազգայնացման խթանում մշակութային և կառուցվածքային ադապտացիայի միջոցով» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ուկրաինայի` Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարձրագույն կրթական համակարգի ճանաչմանը` բուհական մենեջմենթի կառուցվածքային ու մշակութային բաղադրիչներում միջազգայնացման զարգացման ու ինտեգրման միջոցով: