Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալությունը (IQAA) փորձի փոխանակում են իրականացնում կրթության որակի ապահովման ոլորտում։
«Էրազմուս+»-ի C3QA ծրագրի շրջանակներում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները որպես դիտորդներ մարտի 11-14-ը մասնակցել են Ղազախստանում գործող երկու բուհերում (Մ․ Այեզովի անվան Հարավային Ղազախստանի պետական համալսարան և Մ․ Նարիկբաևի անվան KAZGUU համալսարան) ասպիրանտական կրթական ծրագրերի հավատարմագրմանը։ ՈԱԱԿ մասնագետները ծանոթացել են հավատարմագրման կարգի և գործընթացի առանձնահատկություններին Ղազախստանում, որպես դիտորդներ մասնակցել փորձագիտական խմբի աշխատանքներին։
Ապրիլի 28-30-ը պատասխան այցով Հայաստանում կլինեն ղազախ մասնագետները, որոնք կծանոթանան հայաստանյան հավատարմագրման կարգի և գործընթացների առանձնահատկություններին, փորձնական փոխգնահատում կիրականացնեն C3QA ծրագրի գործընկեր բուհերում (ԵՊՀ, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա)։
«Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) եռամյա ծրագիր է (2016-2019 թթ․)։ Նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում։