Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնն ընդլայնում է համագործակցության շրջանակը՝ մասնակցելով միջազգային համաժողովների ու կապեր հաստատելով արտերկրի գործընկեր կազմակերպությունների հետ` ինչպես լավագույն փորձը տեղայնացնելու, այնպես էլ հետագայում մեր երկրի արդյունքները միջազգայնորեն ճանաչելի դարձնելու նպատակով։
Կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են Դանիայում կայացած՝ «Ստեղծագործական մոտեցում և բազմազանություն. որակի ապահովման մարտահրավերները 2010-ից հետո» որակի ապահոման եվրոպական չորրորդ ֆորումին։ Եվրոպական հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներն այստեղ քննարկել են որակի ապահովման գործընթացում բազմազան, տարատեսակ մոտեցումների ցուցաբերման անհրաժեշտության հարցը։ Նշվել է, որ մեկ ընդհանուր տրամաբանության ներքո իրականացվող գործընթացում պետք է հաշվի առնել ինչպես ազգային, այնպես էլ մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) առանձնահատկություններն ու խուսափել «զսպաշապիկ» դառնալ վերջիններիս համար։ Ըստ այդմ, ընդգծվել է ՄՈՒՀ-երին ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու հնարավորության ընձեռման անհրաժեշտությունը։
Ֆորումում ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներին հետաքրքրել է նաև զարգացող երկրների կրթության համադրելիության, որակի ճանաչելիության և միջազգայնացման հետ կապված հարցերը, որոնց վերաբերյալ նրանք քննարկումներ են ունեցել ֆորումի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովներում։
Նիդերլանդներ կատարած ճանաչողական այցելության ժամանակ կենտրոնի ներկայացուցիչները հյուրընկալվել են որակի ապահովման գործընթաց իրականացնող երկու կառույցներում՝ Նիդերլանդների համալսարանների որակի ապահովման գործակալությունում և Նիդերլանդների ու Բելգիայի հավատարմագրման կազմակերպությունում։ ՈԱԱԿ-ի մասնագետները ծանոթացել են որակի ապահովման ասպարեզում այս կառույցների հարուստ փորձին. հատկանշական է, որ փորձագետների աշխատանքի ու գնահատման առումով նրանց ընթացակարգերը կիրառվում են եվրոպական մի շարք երկրներում։ Այս գործընթացներում Նիդերլանդների անցած ճանապարհը և խնդիրներն ուսումնասիրվել են՝ Հայաստանում առկա հիմնախնդիրների զուգահեռների և նրանց փորձը մեր երկրում օգտագործելու հանարավորության համատեքստում։ Մասնավորապես, ուշադրության է արժանացել կլաստերային հավատարմագրման մեթոդը, որի դեպքում փորձագետների նույն խումբը ուսումնասիրում է տարբեր ՄՈՒՀ-երի միևնույն կրթական ծրագրերը։ Մեթոդն ունի երկու ակնառու առավելություն՝ նախ, կատարվում է ֆինանսական ռեսուրսների խնայողության, ապա՝ համադրելության ու համեմատական մոտեցման լայն դաշտ է բացվում։ Ընդ որում, ողջ գործընթացը կազմակերպվում է աշխարհում ճանաչված ISO չափանիշներով։ Իսկ ՄՈՒՀ-երի ինքնավերլուծության համար կիրառվում է SWOT ձևաչափը։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Նիդերլանդներում հավատարմագրումը նախ սկսել են ծրագրային բաղադրիչից և միայն վերջերս սկսել զուգահեռաբար նաև իրականացնել ենթակառուցվածքային հավատարմագրում։