Ապրիլի 5-ին ՈԱԱԿ-ի անձնակազմը հանդիպեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՈԱԱԿ-ի տնօրեն Ռ.Թոփչյանը, Քաղաքականության մշակման և իրականացման վարչության պետ Ս.Կարախանյանը, Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Մ.Այվազյանը, վերոնշյալ բաժնի ավագ մասնագետ Ա.Ութմազյանը և իրավաբան Ն.Բալայանը: Պաշտպանության նախարարությունից ներկա էին ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մ. Շիրինյանը, պետի տեղակալ Է. Ոսկանյանը , Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Մ. Կարապետյանը, նույն հաստատության գիտական քարտուղար Ա. Մելքոնյանը, Ա. Խանփերյանցի ավան ռազմական ավիացիայի ինստիտուտի պետի ուսումնական գծով տեղակալ Ա. Հակոբյանը :
Հանդիպման սկզբում Ռ. Թոփչյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական նպատակները, հավատարմագրման էությունը, վերջինիս դրական կողմերը, ինչպիսիք են ուսանողների շարժունությունը, դիպլոմների փոխճանաչելիությունը և այլն:
Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Կարապետյանը ներկայացրեց ռազմական ուսումնական հաստատությունների ընդհանուր իրավիճակը: Նա կարևորեց, որ ռազմական ուսումնական հաստատությունները թեև նախկինում եղել են փակ կառույցներ, սակայն այժմ դրանց գործունեությունը ուղղված է դեպի հրապարակայնության ապահովմանը: Նա նշեց, որ իրենց շրջանավարտները մրցունակ են արտերկրում և հավատարմագրումը կարևոր է իրենց հաստատության համար արտերկրից ուսանողներ ներգրավելու տեսանկյունից:
Ռ. Թոփչյանը ներկայացրեց, որ հավատարմագրման գործընթացին մասնակցելու համար ռազմական ուսումնական հաստատություններում պետք է ստեղծվեն որակի ապահովման ներքին կառույցներ, որոնք պետք է լինեն անկախ և ենթարկվեն անմիջապես ռազմական ուսումնական հաստատությունների պետերին: Ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունները պետք է իրականացնեն ինքնավերլուծություններ հիմնադրամի կողմից մշակված ձևաչափին համապատասխան:
Գեներալ-լեյտենանտ Կարապետյանը ներկայացրեց որակը ապահովման նպատակով կատարվող քայլերը հաստատությունում, ինչպիսիք են զորամասերում իրենց շրջանավարտների շրջանում ամենամսյա հարցումների կազմակերպումը և առարկայական ծրագրերի կրթական արդյունքների ստուգումը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հաջորդ անգամ հանդիպել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ինչպես ինստիտուտի վարչակազմի, այնպես էլ դասախոսների հետ: