Հունվարի 21-22-ին կայանալիք «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորհրդաժողովին կքննարկվեն ուսումնառության և դասավանդման արդյունավետության արդի հիմնահարցերը, կներկայացվի հայաստանյան և արտասահմանյան 14 բուհերի լավագույն փորձը:
Ներկայացված հայտերն արդեն ամփոփվել են և ընտրվել լավագույն հոդվածները, որոնց թիվը գերազանցում է երկու տասնյակը: Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում» հանդիպում տեղի ունեցավ հայաստանյան զեկուցողների հետ, որի ընթացքում քննարկվեցին խորհրդաժողովին ներկայացված հոդվածների բովանդակային և կառուցվածքային առանձնահատկությունները:
ՈԱԱԿ խորհրդաժողովին զեկույցներով հանդես կգան մասնագետներ Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա համալսարանից, գերմանական Կոբլենցի Լանդաու համալսարանից, վրացական Ակակի Ծերեթելիի անվան պետական, Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական և Սևծովյան միջազգային համալսարաններից, ինչպես նաև Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Հայ-ռուսական սլավոնական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային, «Սուրբ Թերեզա» բժշկական համալսարաններից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից:
Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում պլենար և սեկցիոն նիստերով կքննարկվեն մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Սեկցիոն նիստերի ընթացքում զեկույցի ներկայացումից հետո նաև տվյալ թեմայով քննարկումներ կծավալվեն:
Տեղական ու միջազգային լավագույն փորձին ծանոթանալու, կրթության որակի ապահովման, ուսումնառության և դասավանդման արդյունավետության արդիական խնդիրները ոլորտի առաջատար մասնագետների հետ քննարկելու համար կարող եք մինչև հունվարի 15-ը գրանցվել` մասնակցելու խորհրդաժողովին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 22 91 45 հեռախոսահամարով կամ գրել info@anqa.am էլ. փոստին: