Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հերթական հանդիպումն ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի պրոռեկտորների հետ։ Օրակարգում երկու հարց էր․ մասնագիտությունների կրթական ծրագրերի նախնական հավատարմագրումը և բուհերի արդյունավետության ցուցանիշների մշակումը։
Հաշվի առնելով կրթության որակի ապահովման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքում վեր հանված առանցքային խնդիրները կապված ուսուցման և ուսումնառության մեթոդների, դասավանդման կարողությունների արդիականացման, ուսանողների մոտ հետազոտական կարողությունների ձևավորման, գործատուների ներգրավման հետ, ՈԱԱԿ-ը և ԿԳՆ-ն կառավարությանն առաջարկել են ՀՀ-ում պարտադիր դարձնել ծրագրային հավատարմագրումը։
Առաջարկվում է գործընթացն իրականացնել երկու փուլով․ նոր ծրագրի ներդրումից հետո իրականացնել նախնական ծրագրային հավատարմագրում, իսկ այդ ծրագրով առաջին շրջանավարտները թողարկելուց մեկ տարի անց՝ ծրագրային հավատարմագրում։
Նախնական հավատարմագրման նպատակն է նախապես ստուգել և գնահատել թե ինչ չափով են ծրագրի ակնկալվող ելքային արդյունքները համապատասխանում աշխատաշուկայի և ՈԱՇ-ի պահանջներին և արդյոք կրթական ծրագրերի բովանդակությունը, ռեսուրսները, դասավանդման, ուսումնառության ու գնահատման մեթոդներն ապահովում են նախատեսված ելքային արդյունքների ձեռքբերումը:
Ներկայում ՈԱԱԿ-ը և ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերը պարբերական հանդիպումներով քննարկում են նախնական ծրագրային հավատարմագրման մոտեցումները։
Բուհերի ներկայացուցիչներն առաջարկեցին նախնական ծրագրային հավատարմագրման համար կիրառել նախորդ տարի մշակած կլաստերային աուդիտի սկզբունքները։ Քննարկվեցին նաև չափանիշները, որոնց հիման վրա պետք է արտաքին գնահատում իրականացվի։ Արձանագրվեց Հավատարմագրման կարգում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախնական հավատարմագրման թեմայով հաջորդ հանդիպման ժամանակացույցի վերաբերյալ։
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը ՈԱԱԿ-ին և ԿԳՆ-ին առաջարկել է մշակել բուհերի արդյունավետության ցուցանիշներ։ Համընդհանուր ընդունելի մոտեցումներ դուրս բերելու նպատակով առաջիկայում հանդիպումներ և քննարկումներ տեղի կունենան բուհերի ներկայացուցիչների հետ։ Բուհերին առաջարկվեց նաև թեմայի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկները և գաղափարները։