«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) և 8 բարձրագույն ուսումնական հաստատություններ համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հուշագրի նպատակն է համագործակցության միջոցով բարելավել, զարգացնել և ամրապնդել բուհ-աշխատաշուկա կապը:
Փաստաթղթով կողմերը պատրաստակամություն են հայտնում համագործակցել որակավորումների ոլորտային շրջանակների մշակման նպատակով իրականացվող հետազոտական ծրագրերի նախագծման, փորձարկման և իրականացման համատեքստում, ինչպես նաև իրականացնել տեղեկատվության փոխանակում:
ՏԵՄՊՈՒՍ-ի «Համալսարան գործատու» հայկական համակարգող գործակալության (ԱՐԱՐԱՏ) ամփոփիչ համաժողովի ընթացքում ՈԱԱԿ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրեցին ծրագրի գործընկեր 8 բուհերը`ՀՊՏՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀԱՊՀ-ն, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը, Գավառի պետական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը և Հայ-ռուսական սլավոնական համալսարանը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը վստահություն հայտնեց, որ առաջիկայում այլ բուհեր ևս կմիանան հուշագրին:
Պարոն Թոփչյանը նշեց, որ արագ զարգացող տեխնոլոգիական ժամանակաշրջանում կարևոր է, որ ուսանողի կրթությունը լինի առաջանցիկ, որպեսզի ավարտելիս նրա գիտելիքներն աշխատաշուկայում լինեն մրցունակ, ոչ թե արդեն հնացած: Իսկ դա հնարավոր է միայն համալսարան-աշխատաշուկա համագործակցության պարագայում:
ԱՐԱՐԱՏ ծրագրի շրջանակներում ստեղծվել է Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցը (ՀԱԱՑ), մշակվել է որակավորումների շրջանակ Մանկավարժություն, ՏՏ և Տնտեսագիտություն ոլորտների համար: ՀԱԱՑ-ի շրջանակներում նախատեսվում է որակավորումների շրջանակ ստեղծել նաև մյուս ոլորտների համար: