Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի և ՌԴ կրթության որակի վերահսկման և կարիերայի զարգացման գործակալության (АККОРК) միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:
Երկու կառույցների համագործակցությունը վերահաստատել ու պայմանագրով ամրագրել են ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և АККОРК-ի տնօրեն Էրիկա Սոբոլևան:
Համաձայնագրով կողմերը պարտավորվում են համագործակցել մասնագիտական կրթության անկախ գնահատման ոլորտում: Համագործակցության նպատակն է համատեղ նորարարական և խորհրդատվական ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն կրթական կազմակերպությունների մրցունակությանը:
Կողմերի համատեղ գործունեությունն ուղղված է լինելու կրթության որակի գնահատման միջազգային լավագույն փորձի կիրառմանը և տարածմանը, գործատուների, փորձագետների և շահագրգիռ կողմերի ներգրավմանը կրթական ծրագրերի արտաքին գնահատմանը: Կողմերը միասին կմշակեն նաև կրթական ծրագրերի արտաքին գնահատման մեխանիզմներ, կբարելավեն ուսումնական հաստատությունների արտաքին գնահատման մեթոդաբանությունը, միմյանց փորձագետներ կտրամադրեն հավատարմագրման գործընթացներին մասնակցելու համար:
Նշենք, որ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը АККОРК-ի հավատարմագրման միջազգային խորհրդի անդամ է: