Նոյեմբերի 5-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Միացյալ Թագավորության Որակի ապահովման գործակալությունը (QAA) առցանց ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Նպատակն է խորացնել համագործակցությունը երկու գործակալությունների միջև՝ նպաստելով որակի մշակույթի տարածմանը և գիտելիքի ու փորձի փոխանակմանը երկու երկրների կրթական համակարգերում։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ստորագրելով հուշագիրը, շեշտեց, որ 2008-ին հիմնադրվելուց հետո առաջին միջազգային համագործակցությունը ՈԱԱԿ-ը բրիտանական QAA գործակալության հետ է ծավալել։ Եվ այս հուշագիրը հնարավորություն է այդ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնել։
QAA-ի գլխավոր գործադիր տնօրեն Վիկի Սթոթը շեշտեց, որ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ՈԱԱԿ-ի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների բարձրագույն կրթության ոլորտում։
Այս հուշագրի շնորհիվ հայաստանյան բուհերը կկարողանան հայ-բրիտանական համատեղ հավատարմագրման դիմել։ Գնահատման գործընթացին կմասնակցեն և՛ հայ, և՛ բրիտանացի փորձագետներ՝ համադրելով Հայաստանի և ՄԹ որակի ապահովման չափանիշները։ Գնահատման արդյունքում կողմերը կձևավորեն միասնական զեկույց՝ բարելավման առաջարկներով։
Հուշագիրը նախատեսում է նաև՝
- մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում,
- փորձի փոխանակում երկու երկրների միջև,
- համատեղ նախագծերի իրականացում,
- ուսանողների շարժունության խթանում։
Այս համագործակցությունը կնպաստի հայաստանյան բուհերի մրցունակության և միջազգային ասպարեզում ճանաչելիության բարձրացմանը։
Հիշեցենք՝ ավելի վաղ ՈԱԱԿ-ը համատեղ հավատարմագրումներ իրականացնելու վերաբերյալ հուշագիր էր ստորագրել Գերմանական որակի ապահովման գործակալության (AQAS) հետ։