Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային լիիրավ անդամակցությունից ի վեր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) գործունեությունը և իրականացման փուլում գտնվող զարգացման ծրագիրն է ներկայացվել ENQA-ին վերջերս անդամակցած գործակալությունների համար կազմակերպած փորձի փոխանակման համաժողովին։
Հոկտեմբերի 12-13-ին Հաագայում տեղի ունեցավ ENQA նորաթուխ անդամների փորձի փոխանակման առաջին համաժողովը, որը կազմակերպել էին Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA) և Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունը (NVAO)։ Նպատակն էր խրախուսել փորձի փոխանակումը ENQA անդամ գործակալությունների միջև և նպաստել կառույցների հետագա զարգացմանը։
Միջոցառման ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, որակի ներքին ապահովման պատասխանատու Անի Մկրտչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Գայանե Անանյանը ներկայացրեցին ENQA-ի կողմից արտաքին գնահատմանը նախորդած նախապատրաստական աշխատանքները, արտաքին գնահատման գործընթացը, անդամակցության մասին որոշումից հետո Հիմնադրամի զարգացման ծրագրի իրականացման ընթացքը։
Մասնակից գործակալությունները ներկայացրեցին նաև մարտահրավերները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին (ESG) համապատասխանության տեսանկյունից, մտքեր փոխանակեցին բարձրաձայնված խնդիրների լուծման վերաբերյալ։
Լուսանկարները՝ ENQA-ի ֆեյսբուքյան էջից