Որակի ապահովման ազգային կենտրոնը նախաձեռնել է հանդիպումների շարք մեր երկրում մասնագիտական կրթական համակարգում ընթացող բարեփոխումներում լուրջ ներդրում և փորձառություն ունեցող մասնագետների հետ։ Նպատակը՝ առկա խնդիրների քննարկումն է, համագործակցության եզրերի ստեղծումը և հետագա հնարավոր զարգացումների քննարկումը։
Այս շրջանակում ապրիլի 30-ին ՈԱԱԿ-ում հյուրընկալվել էր ՀՊՃՀ պրոֆեսոր, այդ բուհի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՊՃՀ կրթական բարեփոխումների փորձը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Պոլիտեխնիկը հայաստանյան բուհերից առաջիններից մեկն է, որ սկսել է Բոլոնիայի գործընթացին համահունչ բարեփոխումներ իրականացնել։ Ներկայացնելով իրենց բուհի փորձը, Յ. Սարգսյանը նշեց, որ այժմ հանրապետությունում բարեփոխումների նպատակային զարգացման համար անհրաժեշտ է մշակել հայեցակարգային փաստաթղթեր՝ այդ թվում որակի ապահովման ուղղությամբ: Հյուրը նշեց, որ այսօր հայաստանյան կրթական համակարգի բազմաթիվ խնդիրներից մեկը օրենսդրական դաշտի անկատարությունն է, որակի ապահովման համընդհանուր քաղաքականության բացակայությունը: Կարևորագույն խնդիրներից մեկն էլ, ըստ Յու. Սարգսյանի, նոր մոտեցումների վերաբերյալ բուհերի իրազեկության ցածր մակարդակն է, որպես հետևանք՝ բարեփոխումների անհրաժեշտության ընկալման բացակայությունը՝ հասարակության լայն շրջանակում:
Յ. Սարգսյանը ներկայացրեց նաև Պորտուգալիայի փորձը, որը կարող է օգտակար լինել ՈԱԱԿ հետագա գործունեության համար: