Մարտի 24-ին ՈԱԱԿ-ն իրականացրեց մշտադիտարկում Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում։ Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան ուսումնական հաստատության տնօրենի և փոխտնօրենների, ամբիոնի վարիչների, դասախոսների և ուսանողների հետ։
Հանդիպումների ընթացքում ուսումնական հաստատության ներքին շահակիցների հետ քննարկվեցին․
- քոլեջի զարգացման ռազմավարական ուղղություններն ու մարտահրավերները,
- արդյունավետության գնահատման ցուցանիշները և տվյալների հավաքագրման գործիքակազմը,
- որակի ապահովման մեխանիզմների ներդրման հիմքերը,
- դասախոսների մասնագիտական վերապատրաստման պլանավորման կարևորությունը,
- ֆինանսների բազմազանեցման հնարավորությունները,
- նյութատեխնիկական բազայի և ռեսուրսների համալրման կարիքներն ու հնարավորությունները,
- գործատուների և այլ քոլեջների հետ համագործակցության փորձառությունը։
Քոլեջը դեռևս չի անցել ինստիտուցիոնալ հավատարմագրում, այդ իսկ հանգամանքով պայմանավորված մշտադիտարկումը նպատակ էր հետապնդում տվյալներ հավաքագրել քոլեջում ընթացող գործընթացների, առկա լավագույն փորձի մասին։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։