ՈԱԱԿ-ում փետրվարի 7-ին կայացավ հանդիպում ուսանողների հետ, որի նպատակը «Ուսանողների կարծիք» աշխատանքային խմբի ձևավորման վերաբերյալ որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնության քննարկումն էր։
Մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով ՈԱԱԿ-ը նախաձեռնել ու մեկնարկել է «Ուսանողների կարծիք» աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը։
Սոցիոլոգ-ուսանողներից բաղկացած խումբը պարբերաբար կիրականացնի ուսանողների կարծիքի ուսումնասիրություն՝ վեր հանելով կրթության որակի ապահովման վերաբերյալ ուսանողաների շրջանում առկա մտահոգությունները, նրանց տեսակետներն ու դիրքորոշումը: Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան ոչ միայն բացահայտել խնդիրները, այլև՝ դրանց առաջացման պատճառները և լուծման ուղիները:
Ուսումնասիրություններն առավելագույնս մասնակցային դարձնելու համար նախատեսվում է համահանրապետական ուսանողական ցանցի ստեղծում՝ արտահայտվելու հնարավորություն ընձեռելով նաև մարզային ուսումնական հաստատությունների ուսանողներին։ Առաջիկա օրերին տեղի ունենալիք հանդիպումներում կհստակեցվի աշխատանքային խմբի կառուցվածքը և գործունեության ծրագիրը։