Մայիսի 30-ին և 31–ին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը մասնակցել են Մոնտենեգրոյի Որակի ապահովման համակարգի գործընկերային գնահատմանը, որը կազմակերպվել էր ETF-ի (Եվրոպական կրթական հիմնադրամ) կողմից։
ՈԱԱԿ ներկայացուցիչները հանդես են եկել որպես Որակի ապահովման համակարգի արտաքին գնահատողներ։ Նախքան հիմնական 2-օրյա այցերը՝ մասնակիցներն իրականացրել են նախնական ուսումնասիրություններ և առցանց 1 հանդիպում գործընկերների հետ՝ ծանոթանալու Մոնտենեգրոյի իրավական կարգավորումներին, որակի ապահովման համակարգին և նոր ներդրված մեթոդաբանությանը։
Գործընկերային գնահատման նպատակն էր ոլորտում փորձառություն ունեցող գործակալությունների կողմից ստանալ հետադարձ կապ նոր ներդրված որակի ապահովման մեթոդաբանության արդյունավետության վերաբերյալ։
Երկօրյա այցերի ընթացքում հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել Մոնտենեգրոյի Որակի ապահովման կենտրոնի ղեկավարի, Կրթության և ծառայությունների բյուրոյի տնօրենի, ՄԿՈՒ հաստատությունների տնօրենների և այդ երկրում արտաքին գնահատում իրականացնող փորձագետների հետ։ Այցերի արդյունքում դուրս են բերվել Որակի ապահովման համակարգի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավման հնարավորությունները։
Այսպիսի գործընկերային հանդիպումները նպաստում են փորձի փոխանակմանը և գործընկերային նոր կապերի հաստատմանը։ Չի բացառվում, որ մոտակա ժամանակներս ՈԱԱԿ-ը նույնպես դիմի Եվրոպական կրթական հիմնադրամին ՀՀ-ում գործընկերային գնահատում իրականացնելու համար։