Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկում իրականացնել բուհերում։ Նոյեմբերի 6-ին ՈԱԱԿ մասնագետներն այցելել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի «Գալիք» համալսարան՝ դիտարկելու որակի ապահովման ներքին համակարգը։
Երևանի «Գալիք» համալսարանը ինստիտուցիոնալ հավատարմագրում չի անցել, ուստի ՈԱԱԿ մասնագետներն այստեղ դիտարկել են, թե ինչպիսին է որակի ապահովման ներքին համակարգը, որակի ապահովման ինչ մեխանիզմներ են գործում։ Այդ նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել բուհի պրոռեկտորի, պրոֆեսորադասախոսական կազմի, ամբիոնների վարիչների և ուսանողների հետ։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացել է 2015-ին, այժմ գտնվում է վերահավատարմագրման փուլում։ Այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները դիտարկել են, թե հավատարմագրման և բարելավման ծրագրի իրագործման արդյունքում ինչ փոփոխություններ է կրել բուհի որակի ներքին ապահովման համակարգը, որքանով է բուհը կատարում իր ստանձնած պարտավորությունները կրթության որակի շարունակական բարելավման ապահովման առումով։ Այդ նպատակով ՈԱԱԿ մասնագետները և փորձագետը, որը նաև բուհի առաջին ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի անդամ է եղել, հանդիպումներ են ունեցել բուհի ռեկտորի, պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։