Ծաղկաձորում կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող եռօրյա աշխատաժողովը, որին իր մասնակցությունն ունեցավ Որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռ․Թոփչյանը մասնակցեց «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի վերափոխում՝ նոր հայեցակարգին համահունչ» թեմայով պանելային քննարկմանը, «ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ պահանջների, դերերի և պատասխանատվության վերափոխում թեմայով» խմբային աշխատանքներին և Էրազմուս+ ՀԳ2 գիտական հետազոտությունների և զարգացմանն ուղղված նախագծերի տեղեկտվական ցուցահանդեսին, որի ընթացքում ներկայացրեց C3QA՝ «Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը», ծրագիրը։
Նշենք, որ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։