«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և քաղաքականության մշակման ու իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանը այսօր՝ ապրիլի 17-ին, մասնակցեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված «Որակի ապահովման համակարգ. քաղաքականություն և ընթացակարգեր» խորագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում իրականացվող մասնագիտական կրթության հավատարմագրման գործընթացի նոր մոտեցումները, որակի ապահովման գործընթացները, դրանց իրագործման քաղաքականությունը, առկա խնդիրներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև՝ ՀՊՏՀ որակի ներքին ապահովման համակարգի պլանը և իրականացման ժամանակացույցը : Աշխատաժողովի ընթացքում հատկապես կարևորվեց այն փաստը, որ ՀՊՏՀ-ում արդեն սկսվել են որակի ներքին ապահովման գործընթացները, և որպես առաջին քայլ ներկայացվեց ուսանողների կարիքների գնահատման համար մշակված հարցաշար:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը իր բացման խոսքում կարևորեց ՀՀ-ում իրականացվող կրթական բարեփոխումները, որակի մշակույթի ձևավորումը մասնագիտական կրթության ոլորտում:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռ. Թոփչյանը, ներկայացնելով ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգը, Որակի ապահովման եվրոպական չափորոշիչներն ու ուղենիշները, անդրադարձավ ՄՈւՀ-երի որակի ներքին ապահովման համակարգի խնդիրներին, ինչպես նաև՝ առանձնակի շեշտադրում կատարեց հավատարմագրման գործընթացի նոր մոտեցումներին՝ նշելով վերջինիս առավելություններն ու առանձնահատկությունները: Ռուբեն Թոփչյանը առանձնահատուկ նշեց, որ կրթության ոլորտում հավատարմագրման գործընթացները կնպաստեն մասնագիտական կրթական ծրագրերի միջազգայնացմանը, կրեդիտների փոխճանաչմանը, կխթանեն բուհի մրցունակությանը աշխատաշուկայում, հիմք կհանդիսանան պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների շարժունությանը: Ռ. Թոփչյանը առանձնապես կարևորեց ուսանողների ներգրավվածությունը և կոչ արեց ՀՊՏՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ներգրավված լինել հավատարմագրման գործընթացներին:
ՀՊՏՀ-ում որակի ներքին ապահովման համակարգի անհրաժեշտությանն անդրադարձան ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը:
Աշխատաժողովի ավարտին ՀՊՏՀ ռեկտոր Կ. Աթոյանը շնորհակալություն հայտնեց ներկաներից՝ նշելով, որ ՀՊՏՀ-ն բարձր է գնահատում ՈԱԱԿ-ի դերը և նշանակությունը ՀՀ-ում: Այս համատեքստում Կ. Աթոյանը տեղեկացրեց, որ ՀՊՏՀ-ն պատրաստակամ է ներգրավվելու հավատարմագրման գործընթացի մեջ և ակնկալում է ՈԱԱԿ-ի աջակցությունն ու համագործակցությունը: