Սեպտեմբերի 24-27-ը Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացավ ERASMUS+ KPI4HE ծրագրի շահակիցների համաժողովը, որին մասնակցեց նաև ՈԱԱԿ-ը՝ ի դեմս տնօրեն Ռուբեն Թոփչյանի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանի և իրավաբան Օֆելյա Պետրոսյանի։
Համաժողովի ընթացքում զեկույցների միջոցով անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին․
- Եվրոպական Միության փորձը IR (Institutional Research) համակարգի զարգացման հարցում՝ բարձրագույն կրթության կառավարման և որակի բարելավման նպատակով։
- Համալսարանների միջազգայնացման ռազմավարությունների զարգացումը և ԳԱՑ (KPI) գործիքակազմի կիրառումը Օլդենբուրգի համալսարանի օրինակով։
- Կանաչ տեղեկատվական տեխնոլոգիաների և կայունության ցուցանիշներն Օլդենբուրգի համալսարանում։
Խմբային աշխատաժողովների միջոցով մասնակիցները քննարկեցին՝
- Միջազգայինացման KPI գործիքակազմի կիրառումը Օլդենբուրգի համալսարանում, Ռիգայի տեխնիկական համալսարանի միջազգայնացման փորձը;
- Տեխնիկական համալսարաններում օտար լեզուների, մասնավորապես անգլերենի դասավանդման KPI-ների արդյունավետ կիրառման փորձը՝ որպես համալսարանների միջազգայինացմանը նպաստող միջոց;
- Կրթության համակարգում հանրային ֆինանսավորման մոդելները՝ Իտալիայի օրինակի հիման վրա;
- Ռազմավարական պլանավորման որակի ապահովումը՝ Իտալիայի համալսարանների օրինակով։
Համաժողովի շրջանակներում քննարկման ներկայացվեցին երկու փաստաթղթեր՝
- Կրթական հաստատությունների հետազոտությունների և ռազմավարական պլանավորման ազգային ուղեցույցի (GIRSPA) նախնական տարբերակը,
- Բարձրագույն կրթության ազգային KPI համակարգի մշակումը՝ Հայաստանի ներառական, թվային և կանաչ կրթության անցումը խթանելու համար։
Եվրոպացի գործընկերները քննարկեցին փաստաթղթերը, առաջարկություններ և մեկնաբանություններ արեցին, որոնք կնպաստեն կրթության ոլորտում կայուն զարգացման և նորարարական մոտեցումների իրականացմանը։
Համաժողովը հնարավորություն տվեց տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին փոխանակել իրենց փորձը և քննարկել բարձրագույն կրթության կառավարման և ռազմավարական պլանավորման հետ կապված համաշխարհային միտումները՝ ուղղված կրթական համակարգերի զարգացմանը և բարելավմանը։
KPI4HE ծրագրի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը և կառավարումը` նպաստելով որակյալ, ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում: Ծրագրի սահմանված նպատակներն իրագործվելու են Գործունեության առանցքային ցուցանիշների (KPIs) ազգային շրջանակի մշակման և ներդրման, Ինստիտուցիոնալ հետազոտությունների և պլանավորման ծառայությունների (IRPS) գործարկման և պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վերանայման միջոցով: