ՈԱԱԿ-ը նոյեմբերի 16-18-ը մասնակցում էր «Կրթություն և կարիերա» միջազգային մասնագիտացված 11-րդ ցուցահանդեսին։ Սա կենտրոնի՝ նման ցուցահանդեսում ներկայանալու առաջին փորձն էր, և այն բավականին արդյունավետ էր մասնագիտական կրթության որակով հետաքրքրված ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի շահակիցների հետ շփման առումով։
Ցուցահանդեսում ՈԱԱԿ-ը ներկայացանում էր շուրջ երկու տարվա իր գործունեության արդյունքը, այն նպատակներն ու խնդիրները, որոնց լուծմանն են ուղղված կենտրոնի ջանքերը։ Ներկայացված էին ՈԱԱԿ-ի մշակումները՝ «ՀՀ մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ուղենիշները, չափանիշներն ու չափորոշիչները», մասնագիտական ուսումնական հաստատությունների ինքնագնահատման ուղեցույցը և «Որակի ապահովման տերմինաբանական բառարանը»։ Առանձին պաստառներով ցուցադրվում ու կենտրոնի մասնագետների կողմից մեկնաբանվում էին որակի ապահովման ՈԱԱԿ-ի մոտեցումները՝ մեր երկրում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային շրջանակն ու որակի կառավարման 7 տիրույթները։
Եռօրյա շփումները ևս մեկ անգամ փաստում են, որ մասնագիտական կրթության որակի խնդիրն այսօր, իսկապես, հուզում է ոչ միայն կրթական համակարգի պատասխանատուներին, այլև նախկին ու ներկա ուսանողներին, տնտեսության ամենատարբեր ճյուղերը ներկայացնող գործատուներին։ Կրթության կառավարիչները հետաքրքրված էին հավատարմագրման գործընթացի տարբեր փուլերով, դասավանդողներն՝ առավելապես, առանձին առարկաների չափանիշներով ու չափորոշիչներով։ Ուսանողների մեծ մասը մտահոգված էր իր ստացած և արտերկրի կրթության համադրելիության խնդրով։ Բազմաթիվ ուսանողներ էլ մեծ ոգևորությամբ պատրաստակամություն հայտնեցին որպես կամավոր աշխատել ՈԱԱԿ-ում։ Գործատուները հիմնականում հնարավոր համագործակցության եզրեր էին փնտրում։
Ցուցահանդեսի շրջանակում կայացած շփումներն ամփոփելով՝ ՈԱԱԿ-ն այսուհետ ևս կշարունակի քայլեր ձեռնարկել շահակիցների հետ համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։