Հունվարի 16-17-ին Բելգիայում տեղի է ունեցել Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային խմբի երրորդ հանդիպումը, որին մասնակցել է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։
Աշխատաժողովի մասնակիցներն ամփոփել են Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային խմբի գործունեությունը՝ շեշտադրելով արձանագրված ձեռքբերումները։
Խմբի շրջանակներում ձևավորված համագործակցությունների արդյունքում ՈԱԱԿ մասնագետները կմասնակցեն փորձի փոխանակման նպատակով իրականացվող շարժունության 4 ծրագրի։ Այն է՝ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումների համատեղման և անդրսահմանային որակի ապահովման հաջողված փորձն ուսումնասիրելու նպատակով ՈԱԱԿ մասնագետները կայցելեն Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպություն (NVAO), Ֆրանսիայի Ինժեներական մասնագիտությունների խորհուրդ (CTI) և Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման բարձրագույն խորհուրդ (HCERES), Հավատարմագրման և որակի ապահովման շվեյցարական գործակալություն (AAQ) և Շոտլանդիայի Որակի ապահովման գործակալություն (QAA Scotland)։
Իսկ ՈԱԱԿ-ի՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման եվրոպական չափանիշներին (ESG) համապատասխան որակի ապահովման համակարգի ստեղծման և ինստիտուցիոնալ հավատարմագրումների փորձին ծանոթանալու համար Հայաստան կժամանեն Մոլդովայի Կրթության և հետազոտության որակի ապահովման ազգային գործակալության մասնագետները։
Նշենք նաև, որ աշխատաժողովի ընթացքում Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) ներկայացուցիչն, անդրադառնալով որակի ապահովման գործընթացներում շահակիցների ներգրավվածությանը, որպես հաջողված փորձ ներկայացրել է ՈԱԱԿ-ի «Ուսանողության ձայն» ծրագիրը։
Նշենք, որ Բոլոնիայի անդամ երկրները ոլորտային խմբերի ստեղծումը նախաձեռնել էին 2018-ի սեպտեմբերին։ Դրանք կոչված էին անդամ երկրների լավագույն փորձի տարածմանը ողջ եվրոպական կրթական տարածքում։ Աշխատաժողովը որակի ապահովման գործընկերային խմբի վերջին հանդիպումն էր։ Սակայն քննարկվել է նաև խմբի աշխատանքների շարունակականության հնարավորությունը։