Ընթացիկ տարում ՈԱԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում 20 քոլեջներում: Ի՞նչ թեմաներ են 2024թ․-ին քոլեջներում ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող մշտադիտարկման առանցքում. այս հարցն էր ապրիլի 10-ին ՈԱԱԿ-ում քոլեջների որակի ապահովման պատասխանատուների հետ հանդիպման օրակարգում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց.
- Քոլեջներում որակի ապահովման համակարգի խնդիրներին,
- Քոլեջների ՈԱ տարեկան պլաններին, դրանց մշակման և իրագործման սկզբունքներին,
- ՄԿԾ-ների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին,
- Քոլեջներում սպասվող ծրագրային հավատարմագրմանը և գործընթացի առանձնահատկություններին:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց, որ բոլոր քոլեջներն ունենան որակի ապահովման պատասխանատուներ: «Որակի ապահովման պատասխանատու ունենալը դեռ երաշխիք չէ, որ որակի ապահովման արդյունավետ գործընթացներ իրականացվում են: Բայց դա կարևոր նախադրյալ է որակի ապահովման գործընթացներ իրականացնելու համար»,- ասաց նա:
Անդրադառնալով որակի ապահովման տարեկան պլանին՝ շեշտադրվեց, որ ՈԱ պատասխանատուն պետք է մշտադիտարկի քոլեջի ցանկացած գործընթաց, որը բերելու է փոփոխության․ ՈԱ պատասխանատուն մշակում է գործիքներ՝ արդյունքները վերլուծելու, տվյալներ ստանալու համար, որոնք հետագայում կիրառվելու են ՄՈՒՀ-ի ղեկավարության կողմից որոշումների կայացման և բարելավման գործընթացում:
ՄԿԾ բարեփոխումների գործընթացին անդրադառնալով՝ կարևորվեց, որ կրթական ծրագրերն ունենան պատասխանատուներ, որոնք կստանձնեն ծրագրի արդյունավետ իրականացման պատասխանատվությունը և որակի ապահովման մասնագետի հետ համագործակցությամբ կապահովեն դրանց շարունակական բարելավումը։
Հաջորդ տարի նախատեսվում է մեկնարկել բժշկական քոլեջների կրթական ծրագրերի հավատարմագրումը, որի շրջանակներում քոլեջը փորձագիտական խմբին պետք է հիմնավորի, որ իր շրջանավարտը դառնում է մասնագետ, որը համապատասխանում է քոլեջին ներկայացվող պահանջներին:
«Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նպաստում է որակավորումների արժանահավատ շնորհմանը։ Բայց որակավորումների արժանահավատ շնորհման գործընթացը տեղի է ունենում ծրագրի մակարդակում»,- ասաց Ռ․ Թոփչյանը։
Որակավորումների արժանահավատ շնորհման տեսանկյունից քոլեջների ներկայացուցիչները մարտահրավեր համարեցին դպրոցից քոլեջ եկող աշակերտների կրթական մակարդակը։ Առաջարկ հնչեց որակի ապահովման գործընթացները տարածել նաև հանրակրթության մակարդակում։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց նաև, որ հավատարմագրված քոլեջներում մշտադիտարկման ժամանակ, վերը նշվածից բացի, ուսումնասիրվելու է նաև բարելավման պլանի իրագործման ընթացքը։