Քննարկվեց ՏՏ ոլորտային որակավորումների շրջանակը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպեց ՏՏ ոլորտի «ՎՕԼՕ», «Ինստիգեյթ», «Մակադամիան առ» «Սի Քյու Ջի Այ Մա», «Օ-Էմ-Դի» «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ», «Լևիաթան» ընկերությունների և ԻՏՁՄ ՀԿ ներկայացուցիչների հետ:
Պարոն Թոփչյանը մասնակիցներին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեությունը, հավատարմագրման գործընթացները, առկա և ակնկալվող արդյունքները: Ներկայացվեց նաև ՏԵՄՊՈՒՍ-ի ԱՐԱՐԱՏ ծրագիրը, որը կոչված է բարելավել բարձրագույն կրթության համապատասխանությունն անընդհատ փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին` Հայաստանում «Համալսարան-գործատու» համագործակցության կապի ստեղծման և գործարկման միջոցով:
Հանդիպման մասնակիցներն այնուհետև քննարկեցին, թե գործատուներն ինչպիսի մասնագետներ են ակնկալում ստանալ բուհերից: Նրանք հատկապես կարևորեցին ուսանողի պրակտիկ գիտելիքները, ինքնազարգացման ունակությունները, հաղորդակցման հմտությունները:
Գործատուների հետ պարբերական հանդիպումների արդյունքում կհստակեցվեն ՄՈՒՀ-երի շրջանավարտներին ներկայացվող մասնագիտական պահանջները, որոնց հիման վրա էլ կսահմանվի ՏՏ ոլորտային որակավորումների շրջանակը: